Երևանում տեղադրվեց Գարեգին Նժդեհի արձանը (տեսանյութ)

Երևանի Խաչքարերի պուրակում այսօր տեղադրվեց Գարեգին Նժդեհի արձանը։

Արձանի բացումը նախատեսված է մայիսի 28-ին, հեղինակը քանդակագործ Գագիկ Ստեփանյանն է։ Աշխատել սկսել է 2011 թվականից։ Հեղինակը ներկայացնում է արձանը. «Ես կերտել եմ իրեն զինվորականի հագուստով, պատվանդանի ճարտարապետական մասի վրա գրված է Նժդեհի մտքերը՝ ինչպես պետք է ապրենք, ինչ է պետք մեր ազգին, ես նրա զինվորական հագուստը երկարացրել եմ, որ ձուլվի՝ մի ամբողջական կերպար ստանալու համար»։

Տեղադրման ժամանակ պարոն Ստեփանյանը հետ չէր մնում այդ աշխատանքը կատարողներից։ Իր այդ ակտիվությունը նա հետևյալ կերպ է բնութագրում. «Դա պատասխանատու մի պահ էր, 11 թվից մինչև հիմա զբաղվել եմ էդ գործով և կրակների մեջով եմ անցել։ Իսկ հիմա, եթե մի քիչ թեք լիներ, ես հետո կարող է փոշմանեի»։

Արձանի մոտ հավաքված քաղաքացիներից ոմանք այն նմանեցնում են Պետրոս Առաջինի արձանին։ Գագիկ Ստեփանյանը մեկնաբանում է այսպիսի տեսակետները։

«Օրինակ՝ մեկն էլ մոտեցավ ասում է՝ բա ձին ուր է, մարդիկ տարբեր են, և ո՞ր նկարին են ուզում նմանեցնել։ Արվեստագետը, կերտողը ես եմ, ուրեմն՝ ես ամբողջ նյութերն եմ հավաքել, բոլոր իր նկարները»։

Ըստ նրա՝ տեղին չէ նաև տեղի մասին քննադատությունն իրեն ուղղելը. «Տեղը որոշել են մասնագետները, ես չեմ որոշել»։