Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռոբերտ Էլիբեկյանի «Արտացոլումներ»-ը՝ Գաֆէսճեանում (տեսանյութ)

Մշակույթ
pelesh

«Դուք փորձե՞լ եք մտնել Ռոբերտ Էլիբեկյանի կտավների մեջ, տեղավորվել նրա ստեղծած իրականությունում... Ոչ թե դիտել, ոչ թե մակերեսը գնահատել, այլ ապրել նրանց մեջ... Եվ դուք Ձեզ կզգաք այն երկրում, որ շարունակաբար կրում եք Ձեր մեջ երկչոտ համեստությամբ,- այսպես էր գնահատում նրա արվեստը արձակագիր  Աղասի Այվազյանը: «Էլիբեկյանը,-շարունակում է   արձակագիրը,-  ինձ ևս հնարավորություն է տալիս ապրել իր ստեղծած աշխարհում, որ մեր խորքերում պահված հարազատ միջավայրն է, մտնել նրա փողոցները, զրուցել նրա ասպետների հետ, ուրախանալ նրա ժպիտների զվարճանքով, մտնել նրա դիցուհիների շուրջպարի մեջ, շնչել նրա թափանցիկ օդը, պերճանալ նրա գունագեղությամբ, ապրել նրա Հայաստանում»: Գաֆէսճեան արվեստի կենտրոնում բացվեց «Ռոբերտ Էլիբեկյան. Արտացոլումներ» ցուցահանդեսը՝ նվիրված գեղանկարչի 75-ամյակին: 26 գեղանկար 1960-ականներից մինչև օրս նրա ստեղծած արվեստի հարուստ ժառանգությունից: pelesh1 «Բազմաթիվ երկրներում պատիվ եմ ունեցել աշխատանքներս ներկայացնելու, սակայն մինչ օրս կայացած ցուցադրություններից լավագույնն ինձ համար սա է»,-ասում է նա։ Նրա ծննդավայրը`Թիֆլիսն էր, իր վառ կոլորիտով: Մանկությունը`թատրոնը, այսօր Պետրոս Ադամյանի անունը կրող Թբիլիսիի դրամատիկականը, որի գեղարվեստական ղեկավարը նրա հայրն էր`Վաղարշակ Էլիբեկյանը: Երիտասարդ տարիների քաղաքը 60-ականների Երևանն էր, այն Երևանը, որտեղ կարելի էր հանդիպել ասենք` Հրաչյա Ներսիսյանին, Կոստան Զարյանին, Մարտիրոս Սարյանին ու Երվանդ Քոչարին: Երբ կար գրաքննություն, բայց ծնվում էին հսկաներ: Էլիբեկյան-գեղանկարիչն իր ինքնատիպ գեղագիտությունը բերեց հայկական մոդեռնիստական արվեստ, արվեստաբան Հենրիկ Իգիթյանի խոսքով, ստեղծեց իր աշխարհը՝ բազմաթիվ արարներով, անվերջանալի և շլացուցիչ ներկայացում-հեքիաթ`գունեղ բուֆոնադայով և գործող անձանց կախարդանքով։ pelesh3 Էլիբեկյան-բեմանկարիչը ստեղծեց նաև հրաշալի դեկորներ և կոստյումներ կինոյի, թատրոնի և օպերայի համար: Նրա կտավները ցուցադրվում են Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում, Վենետիկի Մխիթարյան միաբանության թանգարանում, Սպիտակ տանն ու Ելիսեյան պալատի հավաքածուներում: Բարձր պարգևների և կոչումների արժանացած նկարչի համար իր իսկ խոսքով, ինչպես կասեր Անտուան դը Սենտ Էկզյուպերին` «ամենակարևորը մարդկային հարաբերություններն են» ու իրեն միշտ շրջապատող իր լավ ընկերները: Ցուցադրությունը կգործի մինչև հունիսի 5-ը: Մինչև երկուշաբթի մուտքն անվճար է: