Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարդան Պետրոսյանի գույքի վրա արգելանք կդրվի

Հասարակություն
c3548aa8a3cecfd34dce537f9e9cfdad

Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր մեկնարկել է դերասան Վարդան Պետրոսյանի դեմ ներկայացված քաղհայցի քննությունը։ Հայցվորները պահանջում են մոտ 3 մլն 400.000-ի չափով գումար հանցագործությամբ պատճառված վնասի փոխհատուցում՝ գործով տուժող Տաթեւիկ Հակոբյանի բուժման եւ փաստաբանի վարձավճարի համար։ «Ուղղակի գումարները, որոնք նրանք ներկայացրել են բուժման համար, ապահովագրական ընկերությունը պետք է փոխհատուցի։ Մենք համապատասխան գրություն ենք ուղարկել ապահովագրական ընկերությանը, որպեսզի հասկանանք արդյոք ապահովագրական ընկերությունը արդեն իսկ չի վճարել այդ գումարները, կամ պատրա՞ստ է վճարել, թե ոչ»,- «Ա1+»-ին ասաց Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը։ Հարցին՝ որքան գումար է պատրաստ փոխհատուցել Վարդան Պետրոսյանը տուժող կողմին, Նիկոլայ Բաղդասարյանն արձագանքեց. «Վարդան Պետրոսյանն ինքը այդ մասին հայտարարություն կանի դատական նիստի ժամանակ»։ Դատական նիստը կշարունակվի հոկտեմբերի 21-ին, իսկ մինչ այդ դատավոր Տաթեւիկ Ստեփանյանը, որպես հայցի ապահովման միջոց, մասնակի բավարարվել է պատասխանողի դիմումը՝ Վարդան Պետրոսյանի գույքի վրա արգելանք դնելը: Դերասան Վարդան Պետրոսյանը մեղավոր էր ճանաչվել 2013 թ. հոկտեմբերի 20-ին Երեւան- Աբովյան ճանապարհին ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու մեջ, որն անզգուշությամբ առաջացրել է 2 եւ ավելի մարդու մահ։ Նա դատապարտվել էր 5 տարվա ազատազրկման։ Ներկայումս Վարդան Պետրոսյանը իր պատիժը գնում է բաց ռեժիմով։ Նա աշխատում է «Օվացիա» պրոդյուսերական կենտրոնում։ Առավոտյան ժամը 8.00-ին դուրս է գալիս ՔԿՀ-ից եւ վերադառնում այնտեղ երեկոյան ժամը 20.00-ին։