Հայկ Կյուրեղյանին սպառնում է մինչեւ 10 տարվա ազատազրկում (տեսանյութ)
Նախորդ տարվա հունիսի 12-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի մոտ օդամղիչ ատրճանակից կրակոցներ արձակած Հայկ Կյուրեղյանի գործով դատական նիստն այսօր շատ կարճ տեւեց։ Գործով վկա ոստիկանը չէր ներկայացել դատարան։ Դատավոր Արմեն Բեկթաշյանը դատական նիստը հետաձգեց մինչեւ մայիսի 25-ը։ Հիշեցնենք, որ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար Հայկ Կյուրեղյանը 10 ժամով հեռացվել է դատական նիստերի դահլիճից։ Չնայած 10 ժամը չէր լրացել, սակայն դատարանն ապահովել էր Հայկ Կյուրեղյանի ներկայությունը՝ ցուցմունքի վերաբերյալ կարծիք հայտնելու համար: «Մարդուն հեռացնում են դահլիճից, երբ նա խոչընդոտում է դատական նիստերի ընթացքը, իսկ նա չի խոչընդոտում դատական նիստերի ընթացքը, ընդամենը ոտքի չի կանգնում։ Ոտքի չի կանգնում, ուրեմն չի հարգում դատական համակարգը, ոչ թե ինչ-որ անձանց»,- ասաց Հայկ Կյուրեղյանի հայրը՝ Արմենակ Կյուրեղյանը։ Հայկ Կյուրեղյանը մեղադրվում է խուլիգանության եւ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար։ «Ես կարծում եմ, որ տեղի կունենա նույն դատավարությունը, ինչ մնացած ըմբոստների հանդեպ, ոչ ադեկվատ, խստացված որոշումներ կլինեն իմ կարծիքով»,- նշեց հայրը։ Հայկ Կյուրեղյանը նաեւ պաշտպան չունի։ Հանրային պաշտպանի գրասենյակի կողմից նշանակված պաշտպանը լիազորված չէ դատական նիստի ընթացքում որեւէ կարծիք հայտնել կամ հայտարարություն անել։ Նախորդ տարվա հունիսի 12-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի բակում միջադեպին ականատես Սուսաննա Ռամազյանը չի հավատում նախաքննական մարմնի առաջ քաշած վարկածին։ «Մեքենայի վրա կանգնած էր, ոստիկաններից ոչ- ոք չէր մոտենում, երբ ասում էր բոմբ եմ դրել, ոստիկաններից ոչ ոք չմոտեցավ, հետո լսում եմ, որ մեքենան վնասվել է։ Սուտ է քաշը իր այդքան չկար, որ վնասեր կամ վիրավորներ։ Ես չեմ հավատում, որ այդ աստիճանի վիրավորված լինեն»,- ասաց նա։ Եթե Հայկ Կյուրեղյանի մեղքն ապացուցվի, նրան սպառնում է մինչեւ 10 տարվա ազատազրկում։