Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Չի կարելի աշխարհից ակնկալել արդարության ճանաչում, երբ տան ներսում անարդար վիճակ է»

Քաղաքականություն
raffi1

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հիմնադիր խորհրդարանի անդամների ձերբակալությունները համարում է իշխանության վախկոտ քայլ. «Վախենում են սեփական ընտրագողությունից եւ անիրավությունից, այն հանգամանքից, որ գիտակցում են իրենց ոչ լեգիտիմությունը, ուրիշ ոչինչ»,- ասաց նա։ Ըստ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ սահմանադրությամբ պաշտպանված ազատ խոսքի արտահայտություն պետք է լիներ ապրիլի 24-ին, անկախ նրանից՝ ով է համաձայն, ով համաձայն չէ։ Նա Ժիրայր Սեֆիլյանին եւ Հիմնադիր խորհրդարանի մյուս անդամներին համարում է քաղաքական բանտարկյալ։ «Չի կարելի ակնկալել արդարություն պատմական հարցերում, աշխարհից ակնկալել արդարության ճանաչում, երբ տան ներսում անարդար եւ անիրավ վիճակ է տիրում»,- եզրափակեց նա։ Ի դեպ, դեռ հայտնի չէ՝ Րաֆֆի Հովհաննիսյանը կմասնակցի՞ ապրիլի 24-ի հանրահավաքին, թե՝ ոչ։ Ժառանգության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի համար միեւնույնն է՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կարտասանի՞ Հայոց ցեղասպանություն բառը, թե՝ ոչ։ «Արտաբերումը մեր հայրենիքը չի վերադարձնելու, կարեւորը մեր ժողովուրդը եւ ազգը դառնան միասնական իր իրավունքով իր արդարությամբ, ամուր պետականությամբ եւ կարողանա մեր շահերը հետապնդելով նաեւ միջազգային հանրության շահերը համապատասխանեցնի մեր շահերին»,- «Ա1+»-ին ասաց Ժառանգության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը։ Նրա խոսքերով՝ մենք պետք է ունենանք արդար, իրավական պետություն եւ համակարգված ռազմավարությամբ հասնենք լուծման։ Իսկ Թուրքիան, Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքերով, իր շահերից բխելով պետք է կարողանա առերեսվել սեփական պատմության հետ եւ վերականգնել հայ ժողովրդի իրավունքները։ «Ես կամ դուք չէ, որ պիտի զոռենք, ինքը պետք է հասկանա», - ասաց նա՝ հավելելով, որ Արեւմտահայոց ժառանգների հետ մեկտեղ այդ հարցերը պետք է բարձրացնել։