Երջանիկ դիրիժորը՝ Զավեն Վարդանյան (տեսանյութ)

«Մարդու կյանքում կան սահմանագծեր` գնահատելու իր ձեռքբերումներն ու բացթողումները: 25 տարեկան, երբ կյանք ես մտնում, 50, հետո`70: Ես ինձ երջանիկ մարդ եմ համարում: Իմ անցած ստեղծագործական ուղին հետաքրքիր և լեցուն է եղել: Լավ ուսուցիչներ եմ ունեցել ու նրանցից շատ բան եմ սովորել` Ջիվան Տեր-Թադևոսյան, Օհան Դուրյան: Լավ մարդկանցով եմ շրջապատված եղել, և կարևորը միշտ փորձել եմ իրականացնել իմ բոլոր մտահղացումները»,- ասում է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, դիրիժոր Զավեն Վարդանյանը, որն այս տարի դարձավ 70 տարեկան:

Ծնվել է Հալեպում: 1947-ին ընտանիքի հետ հայրենադարձվել է: 1975-ին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դիրիժորական ֆակուլտետը: Ղեկավարել է ժամանակակից երաժշտության անսամբլը, հիմնել և դարձել է Երևանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորը, այնուհետև Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դիրիժորը: Աշխատանքային հրավերով մեկնել է Էկվադոր, և ղեկավարել է երկրի բոլոր 4 սիմֆոնիկ նվագախմբերը: 2008-ին վերադարձել է Հայաստան, հիմնել և առ այսօր ղեկավարում է Մենակատարների պետական անսամբլը:

Նրա սկզբունքն է՝ կատարել այն ստեղծագործությունները, որոնք հազվադեպ են հնչում Հայաստանում:
«Այն, ինչ արեցին Արտեմի Այվազյանը հայ էստրադային երաժշտության ժանրում, Թաթուլ Ալթունյանը ժողովրդական երգ ու պարի ժանրում, նույնն արեց Զավեն Վարդանյանը հայ կամերային-նվագախմբային երաժշտության ժանրում»:
Սա Էդվարդ Միրզոյանի գնահատականն է:
Պարգևներն ու հոբելյանական միջոցառումներն, ինչ խոսք, հաճելի են, ասում է Զավեն Վարդանյանը, սակայն առաջնահերթը գործն է ու ապագա ծրագրերի իրականացումը: