Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մշակույթի նախարարությունն աջակցել է՝ առանց իմանալու, թե ինչին (տեսանյութ)

Քաղաքականություն
Nemesis-girq

Փնթի, անիմաստ աշխատություն. այսպես է պատմաբան Գևորգ Յազեչյանը բնորոշում վերջերս վաճառքի հանված «Նեմեսիս գործողությունը. Սողոմոն Թեհլերյան» գիրքը։ Որպես գրքի հեղինակներ նշված են Պաոլո Կոսսի և Ժան Վարուժան անունները։ Պատմաբանը գրքում բազմաթիվ թերություններ ու վրիպակներ է հայտնաբերել։ Սկսած վերնագրից, ասում է՝ անտաշ և անտակտ վերնագիր է։ Բացի այդ, Սողոմոնի ազգանունը ոչ թե Թեհլերյան, այլ Թեհլիրյան է և գրքի հենց շապիկին սխալ է գրված։ Նշված է նաև, որ Ստեփան Զատիկյանը 1921 թվին սպանել է Ջեմալ փաշային. «Այդպիսի բան չի եղել, նա մասնակցել է ընդհանուր գործողությանը»,-շեշտում է նա։ Կոպիտ սխալներից մեկն էլ այն է, որ Սողոմոն Թեհլիրյանը ամբողջ աշխատության մեջ ներկայացված է որպես հանցագործ, ով արյան վրեժ է լուծել։ «Այդտեղ կորցրած հայրենիքի խնդիրը կար»,-նշել է պարոն Յազեչյանը։ Ուշադրություն է հրավիրել նաև այն տողերի վրա, որտեղ Թալեաթ փաշան որպես զոհ է ներկայացված։ «Զոհ դրական իմաստով է գործածվում, ինչպե՞ս կարելի էր նրան զոհ անվանել։ Մեր Պաշտպանության նախարարն էլ հաճախ զոհ բառը սխալ է գործածում, ասում է՝ Ադրբեջանն այսքան զոհ է ունեցել։ Ոչ թե զոհ, այլ սպանված պետք է ասել, այդ մեր տղաների դեպքում պետք է զոհ ասել»,-շեշտել է պատմաբանը։ Գրքի թարգմանիչը մասնագետների բողոքներին ի պատասխան ասել է. «Հանցագործ է, բա ինչ է եղել Սողոմոնը»: «Վան» հայրենակցական միության նախագահ Ռոմիկ Հովնանյանն էլ իր դժգոհությունն է արտահայտել` նշելով, որ ինքն անձամբ գիրք ունի գրված Նեմեսիս գործողությունների շարքի մասին, բայց այնտեղ հստակ փաստերն ու ճշմարտությունն է ներկայացված։ «Հենց բացում ես այս գիրքը, բազմաթիվ նկարներ ես տեսնում, կարծես մանկական գիրք լինի։ Իսկ խեղաթյուրված փաստերն ու անուններն առավել մեծ խնդիր են»,-նշել է նա։ «Նեմեսիս գործողությունը. Սողոմոն Թեհլերյան» գիրքը վաճառվում է 3000, իսկ անգլերեն տարբերակը՝ 6000 դրամով։ Գրքի հրատարակմանն աջակցել է Մշակույթի նախարարությունը։ Մասնագետների պահանջներին ի պատասխան այնտեղ նշել են, թե իրենք տեղյակ չեն՝ գրքում կոնկրետ ինչ է գրված։ «Ինձ չի բավարարել Մշակույթի նախարարության պատասխանը։ Նշանակում է՝ աջակցել են՝ առանց իմանալու գրքի բովանդակությունը»,-ընդգծել է պարոն Յազեչյանը: Նա պահանջում է գրքի ստեղծմանը մասնակից բոլոր անձանց ներողություն խնդրել Նեմեսիս գործողությունների շարքն իրականացրած բոլոր մեծ հայերից, որոնց անունը պետք է ընդմիշտ մնա մեր պատմության էջերում։ Պատմաբանը նաև դեմ չէ, որ գիրքը վերահրատարակվի, բայց արդեն սրբագրված բոլոր տեսակի կոպիտ սխալներից։