Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արամ Մանուկյանին ծեծի ենթարկելու գործով նորություն չկա

Քաղաքականություն
aram-manukyan-1

ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանին ծեծի ենթարկելու գործով դատաբժշկական փորձաքննության վերջնական արդյունքները դեռ չկան։ «Երբ կլինի, այն ժամանակ նոր նորություններ կլինեն»,- այս մասին «Ա1+»-ին հայտնեց ՀԱԿ իրավաբան, Արամ Մանուկյանի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 11-ի երեկոյան, իր տան շքամուտքի մոտ հարձակման էր ենթարկվել Ազգային ժողովի «Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը` ստանալով մարմնական վնասվածքներ: Հայ Ազգային Կոնգրես կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանի վրա հարձակում կատարելու մեջ կասկածվող 41-ամյա Արշակ Սվազյանը ազատ է արձակվել։ Հարուցվել է քրեական գործ՝ՀՀ ՔՕ 117 հոդվածով՝դիտավորությամբ առողջությանը թեթեւ վնաս պատճառելը, որի առավելագույն պատժաչափը երկամսյա կալանքն է: Արամ Մանուկյանի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը հիշում է, որ ՀԱԿ համակիրների նկատմամբ բազմաթիվ քրեական գործեր էին հարուցվել միայն այն բանի համար, որ ընդամենը իշխանության ներկայացուցչին հրել էին։ «Կամ ինչպես գործերից մեկում էր գրված, նրա դիմաց անկանոն ձեռքերը թափահարել էին, դրա համար ոչ միայն կալանավորեցին, այլ նաեւ դատապարտեցին ազատազրկման։ Բնականաբար, եթե քաղաքական պատվերը կա` կալանավորել, ուրեմն կալանավորում են, եթե անհրաժեշտ է ստորագրությունը որպես խափանման միջոց կիրառել, ուրեմն կիրառում են»,- եզրափակեց Արամ Մանուկյանի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը։