Մեր էլիտան սիրում է ընտրություն կատարել թշնամի եւ ստրուկ լինելու միջեւ (տեսանյութ)
Ռուսաստանը կայսրության վերջին ջղաձգումների մեջ է, Ուկրաինայի արեւելքի պատերազմը հենց դա է ցույց տալիս։ ՀՀ նախկին արտգործնախարար, ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանի կարծիքով՝ պետք է Ռուսաստանին չեզոքացնել էս գործընթացից՝ «էս պատերազմը սկսել է Ռուսաստանը»։ Ըստ Ալեքսանդր Արզումանյանի, Ռուսաստանը պետք է թույլ տա Ուկրաինային ինքնուրույն կարգավորել իր երկրի եւ քաղաքացիների խնդիրները, «որոնք, վստահ եմ, որ առանց օտար միջամտության ուկրաինացիներն ի վիճակի են լուծել»։ Հայաստանի նախկին արտգործնախարարը համոզված է, որ ռուսները մտան Ուկրաինայի արեւելք, որպեսզի միջանցք բացեն դեպի անեքսիայի ենթարկված Ղրիմ։ Արդյունքը միջազգային պատժամիջոցներն էին. «Այդ սանկցիաների կոշտությունը թերեւս հույս է տալիս, որ գնալով ավելի կոնստրուկտիվ կդառնան, եթե իհարկե Եվրամիության պարտնյորները շարունակեն խստապահանջ լինել, եւ չտրվեն գազային այս կամ այն շահի եւ չմեղմացնեն այդ ճնշումը։ Ճնշումը անհրաժեշտ է գործադրել եւ խորացնել, որպեսզի Ռուսաստանը գիտակցի անհրաժեշտությունը խաղաղության»։ Պարոն Արզումանյանը դժվարանում է ասել, թե որն էր լինելու Հայաստանի գինը, եթե ինքը չմտներ Եվրասիական Տնտեսական եւ Մաքսային Միություն. «Առճակատման դեպքում հավանաբար Ռուսաստանը կսադրեր պատերազմ Լեռնային Ղարաբաղում»։ Մենք, ըստ Ալեքսանդր Արզումանյանի, կարող էինք չմտնել Մաքսային Միություն, բայց մեր քաղաքական էլիտան սիրում է ընտրություն կատարել թշնամի եւ ստրուկ լինելու միջեւ. «Եթե հարցը այդպես կտրուկ դրվեր Ռուսաստանի կողմից, կարելի էր առժամանակ առկախել երկու գործընթացներն էլ եւ փորձել գտնել 2-րդ ուղին, որը կսպասարկեր մեր եվրոպական նկրտումները եւ չէր հակասի Ռուսաստանի շահերին մեր տարածաշրջանում»։ Պարոն Արզումանյանը համաձայն է՝ ռուսներին ջղայնացնելու կարիք չկա, բայց դրա գինը նրանց ստրուկը լինելը չէ. «Պետք է արժանապատիվ քաղաքականություն վարել արտաքին եւ նորմալ քաղաքականություն վարել եւ Թուրքիայի, եւ Ռուսաստանի, եւ Իրանի հետ»։