Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Փողը, կեղծ մենթալիտետը ճնշում են մեր երիտասարդներին». Էլդա Գրին (տեսանյութ)

Հարցազրույց Հասարակություն
e82039f17ad277755bfc1f4e9c4ea296

Պաշտոնյաների երեխաների վարքի, նրանց հոգեբանական խնդիրների, ինչպես նաև ներկա երիտասարդության  մասին «Ա1+»-ը զրուցել է գրող, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էլդա Գրինի հետ: -Արդեն որերորդ անգամ ականատես ենք լինում, որ այսինչ պաշտոնյայի որդին կալանավորվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության կամ վիճաբանության, ծեծկռտուք հրահրելու համար: Ձեր կարծիքով ի՞նչն է պատճառը:Նախկինում պաշտոնյանների որդիները ավելի համեստ էին և առավելապես գերադասում էին աչքի ընկնել բարձր առաջադիմությամբ: -Անվայել է, երբ պաշտոնյայի երեխաները նման վարքով են հանդես գալիս: Հարստությունը իր հետ բերում է մի շարք բարդություններ: Նախ պետք է ասեմ, որ կան տարբեր հարուստներ , բայց եթե կոպիտ ձևով մենք բաժանենք 2 մասի`ապա կան հարուստներ, ովքեր իրենց խելքով են հասել դրան, օրինակ` ինչպես Մարկ Ցուկերբերգը, և կան հարուստներ, ովքեր այդքան էլ մաքուր ճանապարհով ձեռք չեն բերել այդ հարստությունը, և հատկապես իրենք չեն գնահատում ինտելեկտը: Նրանք գնահատում են փողը և փոքր հասակից երեխան գիտի, որ ամենակարևորը փողն է: Բայց երեխային միայն թանկ համակարգիչ պետք չէ, հարկավոր է ջերմություն, հարկավոր է, որպեսզի նրա հետ խաղան կենդանի խաղեր: Իսկ ինչ են լսում նման երեխաները փոքր տարիքից`շպրտեմ դեմքին փողը և թվանշան էլ կդնի քեզ, բալա ջան, ամեն ինչ էլ կլինի, քո ճանապարհը բաց կլինի, մի խոսքով փողին մուննաթ: Փոքր հասակից երեխան լսում է դա և նրա հիմնական կրեդոն դառնում է փողը: Նրանք մտածում են, որ ոչ ոք չի կարող իրենց պատժել: Այդ պատճառով էլ իրենց պահում են անվայել, որովհետև վստահ են, որ փողի միջոցով կարելի է շտկել: Սխալ է նաև ծնող-երեխա հարաբերությունները: Պաշտոնյաները զբաղված են իրենք իրենցով` ամուսինը փող վաստակելու, կինը իր շրջապատով, և երեխան մնում է մենակ`իմանալով, որ իր միակ պահապանը փողն է: Այն մասը, որը իրոք կրիմինալ է, մեջք է փնտրում, իսկ ո՞վ կարող է լինել՝ իհարկե, մեծահարուստի երեխան: Այսպիսով, տեղի է ունենում վտանգավոր դաշինք, որտեղ մեկը մյուսին հրահրում է ապօրինի գործողություններ կատարել:  -Արդյո՞ք պաշտոնյաների զավակները զոհեր չեն: Օրինակ` շատ հաճախ նրանք պարտադրված են թիկնապահով շրջել: _Այդ երեխաները իրենց զգում են արտոնյալ վիճակում և դա կապված է փողի հետ, բայց ինչ-որ տեղ նրանք նույնպես կաշկանդված են: Ես գիտեմ այդպիսի մեկին, ով կցանկանար գնալ- դառնալ նույնիսկ բոմժ, բայց լինել հանգիստ ու զերծ այդ ամենից, քանի որ մտածում է, որ այդպես կապրեր առանց վախի, առանց թիկնապահի: _Էլիտան, որը հասարակությանը պարտադրում է ճաշակ, նախասիրություն, այսօր բնավ գիտելիքը և ուսումը չի համարում առաջնայինը: Այսօր արժեհամակարգը փոխվել է, իսկ մենք ունենք շատ առողջ երիտասարդներ, ովքեր չեն ուզում համակերպվել այդ վիճակին: Ո՞րն է ելքը: -Ես դեռ ելք չեմ տեսնում:Դպրոցում կան երեխաներ, ովքեր իրենց ընկճված են զգում, քանի որ չունեն մեքենա, որ գա իրենց տանի կամ չունեն ինչ-որ շատ թանկ հեռախոս: Նրանք ընկճվում են, և դա շատ վատ է ազդում նրանց վրա: Ես հստակ չեմ կարող պատասխանել, քանի որ սա տևական երևույթ է ու ոչ ոք չի մտածում վերջ տալ դրան, որպեսզի մյուսները իրենց նույնպես արժեքավոր զգան: _Այսօր փոխվել են նաև երեխաների երազանքները: Այլևս ուսուցիչ կամ բժիշկ չեն ցանկանում դառնալ, այլ` թիկնապահ, նախագահ, պատգամավոր: Այսինքն ենթատեքստում նորից փո՞ղն է: -Կրկին փողն է:Երբ տեսնում են, որ նման մասնագիտությունների մարդիկ են լավ ապրում, իսկ մյուսները աշխատում են բարեխիղճ, ունեն ընդունակություններ ու տաղանդ, բայց աղքատության եզրին են, պարզ է, որ կգերադասեն հանգիստ կյանք, իսկ այդ կյանքը ապահովում է փողը: _Հասարակությունը այսօր վիրտուալացվել է, ապրում է սոցցանցերում: Դուք նկատե՞լ եք, թե ինչպես են փոխվում մարդկային հարաբերությունները: Ընկերները կարող են նստել, ու յուրաքանչյուրն իր հեռախոսի կամ պլանշետի մեջ լինի, իրականությունից կտրված հարաբերություններ են: -Դա ունի դրական և բացասական կողմեր: Դրականն այն է, որ մարդկանց մտահորիզոնը մեծանում է, բայց իրականում շփում չկա: Լինում են դեպքեր, երբ խաբեություններ են լինում, մարդիկ դառնում են ցանցի զոհը: Այնպես որ, պետք է ավելի զգույշ լինել և դրանով չսահմանափակվել: Ցավոք սրտի, այսօր բացի սրճարաններից, չունենք ոչ մի հետաքրքրություն, որը կգրավեր, կոգևորեր մեր երիտասարդությանը:  - Այսօր կարծես հայրերի ու որդիների միջեւ անջրպետն ավելի է մեծացել։ Սերունդը կտրուկ փոխվե՞լ է: -Բարքերն են փոխվել: Երիտասարդները շատ լավն են: Օրինակ, ես նայում եմ իմ ուսանողներին և տեսնում եմ՝ որքան լավն են: Նույնիսկ ինձ համար շատ անգամ հայտնություն են լինում, որքան խորն են նրանք ու նրբազգաց, պարզապես նրանք ասպարեզ չունեն այդ ամենը դրսևորելու, որովհետև այդ փողը, այդ հարստությունը, այդ կեղծ մենթալիտետը պարզապես ճնշում է: Մեր երիտասարդությունը մեր ապագան է, ու նրանք իսկապես լավն են: