ԱԺ նիստն սկսվեց բարի լուրերով (տեսանյութ)
Մոտ մեկամսյա ընդմիջումից հետո սկսելով ԱԺ քառօրյան՝ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ ունի բարի լուրեր: Առաջին բարի լուրն այն էր, որ այսօր ՀՀԿ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանի ծննդյան օրն է, իսկ ապա ներկայացրեց ԱԺ ՀՀԿ նոր պատգամավորներին՝ Լեռնիկ Ալեքսանյանին, Գագիկ Մելիքյանին եւ Վահրամ Մկրտչյանին: «Հասկանում եմ, որ պարոն Շարմազանովի ներկայացրած բարի լուրերը մեծ ոգեւորություն են առաջացրել, սակայն խնդրում եմ դահլիճում լռություն պահպանել»,- ԱԺ աշխուժությունը տեսնելով՝ հայտարարեց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: Ներկայացնելով օրակարգը՝ ԱԺ փոխնախագահը նշեց, որ ներառվել են ԱԺ նախագահի ընտրությունն ու վարչապետի ներկայացրած «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի մասին նախագիծը: ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը նկատեց, որ հանձնաժողովի նիստում որոշվել էր այս նախագիծը քննարկել 24- ժամյա ռեժիմով, սակայն օրակարգում դա չի տեսնում: Էդուարդ Շարմազանովը վստահեցրեց, որ ամեն ինչ կներկայացնեն ըստ ընթացակարգի: ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը հայտարարեց, որ իրենք այլեւս ընդդիմություն են: Նրա հայտարարությանը հետեւեցին ծափերը: