Գերմանացի պատգամավորները կարևորել են Հարավային Կովկասում խաղաղության հաստատումը
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի պատվիրակությունը՝ խմբի ղեկավար Սարգիս Խանդանյանի գլխավորությամբ, նոյեմբերի 26-ին Բեռլինում հանդիպել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի Գերմանիա-Հարավային Կովկաս խորհրդարանական խմբի ղեկավար Միրզե Էդիսի (Ձախեր կուսակցություն/Die Linke) և խմբի անդամների հետ։
Սա երկու երկրների խորհրդարանական խմբերի նոր կազմերի միջև առաջին հանդիպումն էր։ Զրուցակիցները կարևորել են խորհրդարանական խմբերի միջև համագործակցության ձևավորումն ու զարգացումը՝ ընդգծելով միմյանց գործունեությանը, առաջնահերթություններին և մոտեցումներին առավել հանգամանալից ծանոթանալու, ինչպես նաև անմիջական երկխոսության միջոցով փոխգործակցության նոր հնարավորություններ ստեղծելու նշանակությունը։
Քննարկվել են Հայաստան-Գերմանիա հարաբերությունների զարգացմանը, խորհրդարանական դիվանագիտության ակտիվացմանը և երկկողմ համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր։ Կարևորվել է երկու բարեկամական խմբերի միջև կանոնավոր շփումների և փոխայցելությունների կազմակերպումը։
Հանդիպման ընթացքում հայկական կողմը ներկայացրել է Հայաստանի ներքաղաքական օրակարգը՝ անդրադառնալով տնտեսական, կրթական, ժողովրդավարության ոլորտներում բարեփոխումներին: Քննարկվել են խաղաղության գործընթացի ամրապնդման և տարածաշրջանի երկրների միջև հարաբերությունների կարգավորման կարևորությանը վերաբերող հարցեր։
Միրզե Էդիսը, ընդգծելով տարածաշրջանի հետ իր անձնական կապը, նշել է, որ առանձնահատուկ շահագրգռված է Հարավային Կովկասում խաղաղության հաստատմամբ՝ ընդգծելով, որ խաղաղությունը կարևոր է տարածաշրջանի ժողովուրդների համար։ Նա նշել է, որ իր համար կարևոր է նպաստել տարածաշրջանում խաղաղ և կայուն միջավայրի ձևավորմանը։
Հանդիպման ավարտին Միրզե Էդիսը հայտնել է այս տարվա ամռանը Հայաստան այցելելու իր մտադրության մասին՝ վերահաստատելով խորհրդարանական խմբերի միջև շփումները շարունակելու և համագործակցությունը զարգացնելու պատրաստակամությունը։
Կողմերը կարևորել են խորհրդարանական բարեկամական խմբերի միջև հաստատված երկխոսության շարունակականությունը՝ այն դիտարկելով որպես Հայաստան-Գերմանիա հարաբերությունների խորացման և տարածաշրջանային փոխըմբռնման ամրապնդման կարևոր հարթակ։