A
A
«Մոսկվա» կինոթատրոնը չի մասնակցել բեմադրության մշակմանը, կազմակերպմանը կամ իրականացմանը․ պարզաբանում
Աջակցիր «Ա1+»-ին«Մոսկվա» կինոթատրոնը պարզաբանում է ներկայացրել «Մոնթե» ֆիլմի պրեմիերային պարային բեմադրության հետ կապված։
«Հաշվի առնելով «Մոնթե» ֆիլմի պրեմիերայի շրջանակում իրականացված երաժշտական և պարային բեմադրության շուրջ առկա հանրային հետաքրքրությունը՝ ԿինոՄոսկվայի ղեկավարությունը հարկ է համարում պարզաբանել հետևյալը։
Ինչպես մյուս բոլոր ֆիլմերի պրեմիերաների դեպքում, այնպես էլ տվյալ դեպքում ԿինոՄոսկվան գույքի վարձակալության պայմանագրի հիման վրա ֆիլմարտադրողին, մասնավորապես՝ «Գենետիկ Փրոդաքշն» ՍՊ ընկերությանը, տրամադրել է ֆիլմի պրեմիերայի անցկացման հարթակ։
Պրեմիերայի գեղարվեստական ձևավորումը, երաժշտական և պարային բեմադրությունների ընտրությունը, դրանց բովանդակությունը, ինչպես նաև օգտագործված բեմադրական ատրիբուտները բացառապես ֆիլմի պրեմիերայի կազմակերպիչների իրավասության տիրույթում են և դուրս են «ԿինոՄոսկվա» կինոթատրոնի պայմանագրային իրավասությունների շրջանակից։
ԿինոՄոսկվան չի մասնակցել հիշյալ բեմադրության մշակմանը, կազմակերպմանը կամ իրականացմանը։ Միևնույն ժամանակ, հաշվի առնելով սույն թվականի նոյեմբերի 26-ին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ՀՀ վարչապետի կողմից հնչեցված նկատառումները, պատրաստակամ ենք հետագայում համանման իրավիճակներում առավել հետևողականություն դրսևորել»,- ասվում է հաղորդագրությունում։