Իրացման գոտու բնակիչները կհայտնվեն փողոցում (տեսանյութ)
Գերակա շահ անվան տակ Երեւանի կենտրոնի իրենց տներից զրկված քաղաքացիները պատրաստվում են նստացույց սկսել հենց Հանրապետության հրապարակում։ «Իմ ապրանքները կբերեմ այստեղ, կնստեմ, որովհետեւ էլ տուն չունեմ»,- հայտարարում է Էլյա Երզնկյանը։ Բնակարանը կորցրած Արմեն Սիմոնյանն էլ ավելացնում է. «6 տարի առաջ 15000 դոլար էլ փող եմ մուծել իրանցից քառակուսի եմ առել, գումարած իմ տարածքն էլ եմ տվել, դրա դիմաց ոչ մի բան չեն տալիս»։ Իրենց բնակարանները կորցնելուց հետո այս մարդիկ ապրում են վարձով։ Նրանց նախկին տների վայրում շինարարություն իրականացնող ընկերությունները պարտավորություն են ստանձնել վճարել վարձակալած բնակարանների համար, ինչը չեն անում։ «Երեք օրից էլ, որ տան վարձը չտամ, դրսում եմ հայտնվելու», - նշեց Էլյա Երզնկյանը։ Մինչ գործադիր մարմինը Հովիկ Աբրահամյանի նախագահությամբ նիստ էր անցկացնում, իրացման գոտու բնակիչները նորանշանակ վարչապետից պահանջում էին իրենց տներն ու փոխհատուցման գումարները։ Հանրապետության 33 թաղամասի իրենց տներից զրկված քաղաքացիները հույս ունեն, որ նորանշանակ վարչապետը կլուծի իրենց բնակարանների հարցը, սակայն Հյուսիսային պողոտայի նախկին բնակիչները լավատես չեն.«Էդ իրանց մարդն է, Սերժ Սարգսյանը բերել նստացրել է, որպեսզի թալանը էլի շարունակվի մինչեւ վերջ», - նկատում է Գոհար Սարգսյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։