ԱԱԾ տնօրենը քայլեր է ձեռնարկել օմբուդսմենի առաջարկով
Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանի առաջարկով ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանը հանձնարարել է հրատապ քայլեր ձեռնարկել ձերբակալված անձանց պահման վայրում առկա թերությունները շտկելու ուղղությամբ: Շուրջ 20 օրերի ընթացքում արվել են հետևյալ բարեփոխումները. 1. Այսուհետ համապատասխան մատյանում պարտադիր կերպով կնշվի ձերբակալվածների ընդունման ժամը` բացառելով ձերբակալվածներին սահմանված ժամից ավել պահելու հավանականությունը: 2. Խցում եղած անբարեկարգ վիճակը շտկելու համար կատարվել են համապատասխան վերանորոգման աշխատանքներ: 3. Նախկինում կարգավորված չի եղել ձերբակալված անձանց զանգերի իրավունքի ապահովման հարցը, այժմ արդեն տեղադրված հեռախոս-ավտոմատի միջոցով ձերբակալվածները կկարողանան զանգել: 4. Ձերբակալվածների տեսակցությունները իրենց հարազատների հետ կկանոնակարգվեն և դրանց օրերն ու ժամերը ֆիքսելու համար կլինեն հաշվառման մատյաններ: 5. Պաշտպանը մտահոգություն է հայտնել ձերբակալված անձանց՝ 72-ժամից ավել պահելու հավանականության վերաբերյալ, որի արդյունքում ԱԱԾ տնօրենի կողմից հանձնարարվել է, ԱԱԾ քննչական վարչության հետ համագործակցությամբ, խստագույնս բացառել դրա հնարավորությունը: 6. Իրականացվել է խցերի սանհանգույցների ամբողջական մեկուսացումը խցի բնակելի մասից: 7. Զբոսանքի վայրում տեղադրվել է նստարան: 8. Նախկինում ձերբակալված անձանց համար չի նախատեսվել ճաշացանկ, այսուհետ այն կփակցվի համապատասխան վայրում: 9. Խցում եղել է 2 մահճակալ, որից մեկը դուրս է բերվել՝ ապահովելու համար Օրենսդրությամբ սահմանված մեկ անձի համար նախատեսված 4 քմ պահանջը: 10. Բռնության հնարավոր դեպքերը բացահայտելու և կանխելու նպատակով այսուհետ կարձանագրվեն հարցաքննությունից հետո ձերբակալվածների մոտ մարմնական վնասվածքների առկայությունը կամ բացակայությունը: Նշված խնդիրներն արձանագրվել են Մարդու իրավունքների պաշտպանի բռնությունների կանխարգելման ազգային մեխանիզմի (ԲԿԱՄ) կողմից: Օմբուդսմենը կարևորում և բարձր է գնահատում Ազգային անվտանգության ծառայության հետ կառուցողական համագործակցությունը՝ ոլորտում առկա խնդիրները վեր հանելու և համատեղ ուժերով դրանց արդյունավետ լուծումներ տալու գործում: Պաշտպանի աշխատակազմ