Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հարսնաքարի» գործով դատապարտված անձանց հարազատները՝ նախագահականի մոտ (տեսանյութ)

Հասարակություն
8f8mXwh-u64

«Հարսնաքարի» գործով 12 տարի ազատազրկման դատապարտված անձանց հարազատները նստացույց են իրականացնում նախագահական նստավայրի դիմաց։ Նրանցից Գարիկ Մարգարյանի մայրը՝ Նունե Մարգարյանը, «Ա1+»-ին տեղեկացրեց, որ իրենք համամիտ չեն պատժի հետ. «Մենք մարտի 25-ից այստեղ նստացույց ենք իրականացնում, ու նախագահականի դիմացից ոչ մի տեղ չենք գնա, քանի դեռ մեր խնդրանքին ընդառաջ չեն գնացել։ Մենք ուզում ենք, որ վերանայեն դատական գործը, ու ավելի մեղմ պատիժ սահմանեն»,- ասաց նա։ Դատապարտված անձանց մյուս հարազատները նշեցին, որ իրենք դեմ են 12 տարի ազատազրկմանը, նրանք պահանջում են, որ ամեն մեկին իր հանցանքին համարժեք պատիժ սահմանվի, մի քանիսն էլ ասացին, որ իրենց որդիները բացարձակապես մեղավոր չեն։ Հիշեցնենք, որ «Հարսնաքարի» գործով դատական գործը ավարտվեց մարտի 24-ին։ Ամբաստանյալներ Գարիկ Մարգարյանին, Դավիթ Ադամյանին, Արթուր Բաբլոյանին, Արման Բաղդասարյանին, Արման Խաչատրյանին եւ Նորայր Հայրապետյանին դատապարտվեցին 12 տարվա ազատազրկման: «Հարսնաքարի» գործով դեպքը տեղի էր ունեցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանում, դատապարտվածները դաժան ծեծի էին ենթարկել ռազմական բժիշկ Վահե Ավետյանին, ով 12 օր անց այդպես էլ գիտակցության չգալով մահացել էր։