Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Դեսպանները ստացել են հանձնարարություն մեր դեմ աշխատելու» (տեսանյութ)

Քաղաքականություն
590f5c6d77e662b66f74a7dbca68a610

Եվրոպայի հայկական միությունների ֆորումը երկարատև կոնֆլիկտի մեջ է Հայաստանի արտգործնախարարության հետ։ Այս մասին այսօրվա ասուլիսում ասաց Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանը։ Նրա խոսքով՝ եվրոպահայ կազմակերպությունները Եվրոպայում և այլուր հաճախ լրացնում են ՀՀ-ի վարած քաղաքականության բացը, որն «ուղղակի շատ վնասում է մեզ»: Գրիգորյանի համոզմամբ՝ Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ Հայաստանի ԱԳՆ-ն վարում է «հանցագործ պասիվ քաղաքականություն», ինչպես նաև «քայքայիչ աշխատանքներ» հզոր, հայրենասեր անհատների դեմ. Հայաստանի դեսպանները փորձում են խափանել Ցեղասպանության 100-ամյակի վերաբերյալ նման անհատների ծրագրերը: «Դեսպանները ստացել են հանձնարարություններ մեր դեմ աշխատելու: Նրանք գաղտնի այցելություններ են կատարում մեր երկրներում, գտնում են 1-2 հոգի, որոնք կարող են մեր դեմ լինել, դավեր են նյութում»,- ասաց Աշոտ Գրիգորյանը: Միաժամանակ Գրիգորյանը համաձայնեց. «Մեր ֆորումը, գուցե նաև իմ անձը դեր ունի»: Աշոտ Գրիգորյանը նշեց, որ թուրքերը «սարսափելի վախով» էին սպասում Ցեղասպանության 100-ամյակին: Թուրքիայի ղեկավարությունը հսկայական ֆինանսներ է հատկացրել, որ հայկական լոբբինգի դեմն առնվի՝ կարծելով, թե Հայաստանի իշխանությունները կաշխատեն հայ լոբբիստների հետ։ Սակայն իրականում ծրագրերը շատ թերի են կատարվելու, քանի որ խզված է սփյուռքի կազմակերպությունների կապը ԱԳՆ-ի և հայկական իշխանությունների հետ: Գրիգորյանն ասաց, որ զբոսաշրջիկի կարգավիճակով ամբողջ աշխարհը պտտվող, ժողովրդի կողմից վճարվող և «ֆինանսները քամուն տվող» արտգործնախարարը պետք է հաշիվ տա՝ ինչ է անում: Ֆորումը նաև կոչով դիմելու է հայազգի բոլոր անվանի մարզիկներին և հավաքականներին, որ նրանք 2014թ. ապրիլի 24-ից սկսած՝ բոլոր մարզական միջոցառումներին մասնակցեն սև թևկապերով կամ գլխակապերով։ Ֆորումը քննարկում է նաև մի շարք այլ ծրագրեր, որոնց մի մասը գաղտնի է: