«Ժողովրդի կաշին քերթել են, միսը տարել են, մնացել են ոսկորները» (տեսանյութ)
Ապրիլի 10-ին «Ներազգային ազատագրական շարժում» քաղաքացիական նախաձեռնության անդամները Հանրապետության հրապարակում բողոքի ակցիա են իրականացնելու ընդդեմ «Գազպրոմ Արմենիայի» և գազի բարձր սակագնի: Այս մասին այսօր հայտարարեց «Ներազգային ազատագրական շարժում քաղաքացիական նախաձեռնություն» հիմնադրամի նախագահ Վահան Մարտիրոսյանը: Նրա խոսքով՝ իրենք ապացուցել են, որ «Գազպրոմ Արմենիան» թալանում է ժողովրդին. «Մենք նրանց ձեռքը մեր գրպանում բռնել ենք, մենք անորակ գազի դիմաց փող ենք տվել, այսօր ազգաոչնչացման որոշումներ է ընդունում մեր կառավարությունը», - նշեց Վահան Մարտիրոսյանը: Նախաձեռնության անդամները վստահեցնում են, որ իրենք փոխհատուցում են պահանջելու «Գազպրոմ Արմենիա»-ից ժողովրդին վաճառած անորակ գազի դիմաց. «Մենք չպետք է թողնենք, որ սա նրանք մարսեն, թիվ մեկ պատասխանատուն կառավարությունն է», -նկատում է Մարտիրոսյանը: Երգահան Էդուարդ Զորիկյանը ժողովրդին կոչ է անում միանալ իրենց կազմակերպած ակցիային, քանի որ հանցագործությունն արդեն ապացուցվել է, մնում է պատժել հանցագործներին: Ազատամարտիկ Կարեն Մելիքբեկյանի խոսքով՝ «Գազպրոմ Արմենիան» մտել է յուրաքանչյուր ընտանիքի գրպան ու թալանում է. «Էս անբարոյականությանը պետք է վերջ դրվի, որ մենք ապրենք մեր երազած երկրում, որի համար պայքարել ենք», - ասում է ազատամարտիկը: Կինոռեժիսոր Արշակ Զաքարյանն էլ ավելացնում է՝ ժողովրդի կաշին քերթել են, միսը տարել են, մնացել են ոսկորները: Նախաձեռնության անդամները կոչ են անում ժողովրդին միանալ իրենց կազմակերպած պայքարին և միասին պատժել հանցագործներին: