Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՄՆ-ի պետդեպում անդրադարձ է կատարվել ՄԱԿ-ի ԳԱ-ում Հայաստանի քվեարկությանը

Քաղաքականություն
710CC458-35D3-43D7-B915-34E2615EC826_w640_r1_s

Ամերիկայի Ձայն ԱՄՆ-ի արտգործնախարարությունում անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ արտգործնախարարության փոխխոսնակ Մարի Հարֆը, պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, ասել է, թե տեղյակ չէ Հայաստանի նկատմամբ Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության փոփոխությունից:   Լրագրողը հիշեցրել է, թե ՄԱԿ-ի ԳԱ-ում Ուկրաինայի տարածքային ամբողջականության շուրջ բանաձևի դեմ քվեարկած Ռուսաստանի հետ մեկտեղ բանաձևի դեմ քվեարկած երկրներից է եղել Հայաստանը, և նշել, որ Ռուսաստանի հետ մեկտեղ ՄԱԿ-ի ԳԱ-ի բանաձևի դեմ քվեարկած պետություններում որդեգրված է հակաամերիկյան արտաքին քաղաքականություն:   «Կան նաև Հայաստանի նման պետություններ, որոնք պնդում են, թե Միացյալ Նահանգների դաշնակից են, սակայն, ըստ էության, չեն քվեարկում այն բանաձևի օգտին, որին սատարում է Միացյալ Նահանգները: Արդյո՞ք կանխատեսում եք Հայաստանի նման պետությունների նկատմամբ արտաքին քաղաքականության որևէ փոփոխություն», - ասել է լրագրողը:   Պատասխանելով լրագրողի հարցին՝ ԱՄՆ-ի արտգործնախարարության փոխխոսնակն ասել է, թե տեղյակ չէ նման լուրերի մասին:   Մարի Հարֆը միաժամանակ նշել է, որ, Միացյալ Նահանգների կարծիքով, կարևոր էր, որ Ռուսաստանին հստակ դատապարտող բանաձևի օգտին քվեարկել է 100 երկիր:   «Անդրադառնալով Անվտանգության խորհրդի քվեարկությանը, որը չի հիշատակվել Ձեր կողմից՝ չնայած ես մի քանի անգամ անդրադարձել եմ դրան, մեզ հաջողվել էր ստիպել Չինաստանին ձեռնպահ քվեարկել և չսատարել Ռուսաստանին: Այսպիսով կարծում եմ, որ աշխարհը միավորված է և չի սատարում Ռուսաստանին այս դեպքում»:   Մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձ է կատարվել նաև Սիրիայի Քեսաբ քաղաքի շուրջ ստեղծված իրավիճակին: ԱՄՆ-ի արտգործնախարարության փոխխոսնակ Հարֆի համաձայն, Քեսաբի սիրիահայ բնակիչները դարձել են «ալ-Քաիդա»-ի հետ կապ ունեցող խմբավորումների թիրախ:   ԱՄՆ-ի արտգործնախարարության փոխխոսնակի համաձայն, Միացյալ Նահանգների խորը մտահոգությունն են առաջացնում Սիրիայում գործող ինչպես «Իրաքի և Լեևանտի իսլամական պետություն», այնպես էլ «ալ-Նուսրա» խմբավորումները: