Գալուստ Սահակյանն առաջարկում է չվիրավորելու իր դեղատոմսը (տեսանյութ)
Ֆեյքերի հայտնի օրինագիծը ուղղված է վիրավորանք հասցրած անհայտ աղբյուրի բացահայտմանը եւ ոչ թե հայտնի աղբյուրին պատժելուն։ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Դավիթ Հարությունյանն ասում է. «Մենք խոսում ենք այն բանի մասին, որ մի շատ ծանր հարց, թե ինչ է անհայտ աղբյուրը, չունի իր պատասխանը, եւ այդ պատասխանը ձեւավորվում է դատական պրակտիկայի արդյունքում»։ Օրինակ, երբ լրատվամիջոցը կամ ընթերցողը վկայակոչելով Սերժ Սարգսյանին Արտաշես Գեղամյանին անվանում է «դատարկ դհոլ», վերջինս չի կարող լրատվամիջոցին կամ ընթերցողին կանչել պատասխանատվության. «Որովհետեւ դուք մեջբերում եք ուրիշի խոսքը»՝ բացատրում է Դավիթ Հարությունյանը։ Լրատվամիջոցն, ըստ Դավիթ Հարությունյանի, կարող է պատասխան տալ միայն այն վիրավորանքների դեպքում, երբ վիրավորողն անհայտ է ու վիրավորանքը շարունակում է մնալ կայքում այն հեռացնելու պահանջից հետո, մեկնաբանությունների էջում վիրավորանք թողնելն արդեն պատասխանատվության թեմա է դարձնում վիրավորողին. «Եթե որեւէ մեկը վիրավորեց, նա երբեք չի կարող պաշտպանված լինել»։ Գալուստ Սահակյանը երբեք պատասխանատվության չի կանչի իրեն վիրավորողին, բայց դա չի նշանակում, որ վիրավորողը պետք է անպատիժ մնա, վիրավորանքը, որը հնչել է առանց զոհի աչքերի մեջ նայելու, կարող է նույնիսկ ֆիզիկական հետեւանքներ թողնել. «Եթե խոսքը հեռվից ա գալիս եւ մարդը բարեկիրթ ա կամ իր ազգի բնավորությունն ունի, դա կարող ա անբուժելի արատներ պարգեւի մարդուն»։ «Մենք մարդուն ապահովագրում ենք վիրավորանքից»,-ասում է Գալուստ Սահակյանը։ Բոլորը պետք է հասկանան՝ հայհոյել, վիրավորել կամ զրպարտել պետք չէ, եւ սա խոսքի ազատության հետ կապ չունի. «Միգուցե Եվրոպաներում դա խնդիր չի առաջացնում, մարդիկ ավելի պասիվ են, դյուրագրգիռ չեն կամ իրենց ազգային բնավորությունը էդպիսին չի»։ Ինչպե՞ս վարվեն մարդիկ, որոնք արդեն մեկ տասնյակ տարուց ավելի ուզում են, որ իշխանություն փոխվի, բայց չեն կարողանում փոխել։ Սովորաբար հենց նրանք էլ վիրավորում են։ Գալուստ Սահակյանը համոզված է, որ դրան էլ լուծում կա. «Իշխանությանը կարելի է ասել, որ դուք վատ եք աշխատում, որ պետության մեջ էսպիսի խնդիրներ կան, որ փաստորեն հեռացեք, հրաժարական տվեք»։ Հրաժարական չտվող նախարարի հետ ինչպե՞ս վարվի քաղաքացին։ Գալուստ Սահակյանն ասում է՝ թող շարունակի պայքարել։ Պատասխանատվությունն անխուսափելի բան է,-հիշեցնում է պատգամավորը եւ առաջարկում է չվիրավորելու իր դեղատոմսը. «Երբ փորձում ես վատ բան խոսել, մի քանի վայրկյան զսպիր քեզ ու կտեսնես, որ խոսքդ ավելի տրամադրող կլինի, ավելի դիպուկ կլինի, եւ հումորով կլինի»։