Քանի՞ ուսանող է արդարացնում իր ծնողների ծախսերը
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ընդունելով Երևանի պետական համալսարանի ուսանողների և դասախոս Նարինե Մկրտչյանի առաջարկությունը, Միջազգային հարաբերությունների ֆակուլտետում հանդես է եկել դասախոսությամբ: Ա. Աշոտյանը մատնանշել է բարեփոխումներից դժգոհ ուսանողների համար հնարավոր պատճառները: «Կարծում եմ` առաջին պատճառն ուսումնառությունից հետո աշխատանք գտնելու հարցն է, որը, ի դեպ, այդքան էլ կապ չունի կրթության հետ, և երկրորդ` հետևանք է ձեր` մասնագիտության ազատ ընտրության: Այնպես որ, այս հարցում պետք է պատասխանատվությունը կիսել: Դժգոհության երկրորդ պատճառը, կարծում եմ, ուսման վարձերի բարձր լինելն է: Սակայն ուզում եմ հարց տալ` ձեզանից քանիսն են լավ սովորելով` արդարացնում իրենց ծնողների ծախսերը: Համոզված եմ, որ այսօր վատ սովորողների ճնշող մեծամասնությունը կորցրել է երախտիքի զգացումն իր ծնողների նկատմամբ: Եվ երրորդ` կա տարբեր ուսանողություն. 25-30 տոկոսը դրա փայլուն հատվածն են, նույնքանն էլ կազմում են վատ սովորող ուսանողները, մնացածը միջանկյալ հատվածն է, այսինքն նրանք, ովքեր կարող են դառնալ ավելի լավը, բայց կորցրել են հավատը կրթության հանդեպ: Անշուշտ, սովորելու համար պետք է մոտիվացիա լինի. առաջին` լավ սովորելով` դուք ապահովում եք ձեր բարեկեցիկ ապագան: Գիտելիքը պետք է ուղիղ կապ ունենա բարեկեցության հետ: Այս ճշմարտությունը, ցավոք, մեր երկրում լիարժեք չի գործում, սակայն ուզում եմ փաստել, որ հարյուրավոր երեխաներ իրենք են իրենց ճանապարհը բացել: Երկրորդ` ընդունվել եք բուհ, որովհետև այդպես է ընդունված, և այն նաև իմիջային հարց է: Սակայն սա ևս լիարժեք օրինաչափություն չէ Հայաստանում. այսօր չափից շատ-շատ ուսանողներ են ընդունվում բուհեր, և, այսպես ասած, ընտրյալների շարքը ընդլայնվել է, ուստի որոշակի արժեզրկում է տեղի ունեցել: Եվ երրորդ` ընդունվել եք, որպեսզի բարձրանաք սոցիալական հիերիարխիայով, որը ևս լիարժեք օրինաչափություն չէ մեր երկրում: Այսինք, այս երեք մոտիվացիաները դեռևս բացարձակ չեն Հայաստանի պարագայում, և փաստացի ուսանողների մոտ առկա է որոշակի հիասթափություն: Ուզում եմ ձեզ, սակայն, հավաստիացնել, որ ճանապարհ հաղթում է այն մարդը, ով հավատում է այս երեքից գոնե երկուսին: Ձեր նպատակասլացությունը և գիտելիքը, համառության պարագայում անպայման բացելու են հաջողության դռները, և դուք ունենալու եք հաջողության պատմություններ` ձեր աշխատասիրության շնորհիվ»,-դիմելով ուսանողներին` նշել է նախարարը` խորհուրդ տալով օրական առնվազն 10 էջ ընթերցել` հակառակ պարագայում, ըստ Ա. Աշոտյանի, այդ օրը կարելի է կորած համարել: Դասախոսությունից հետո ուսանողները մի շարք հարցեր են ուղղել նախարարին, մասնավորապես, որոնք են եղել նախարարի ընթերցած վերջին 10 էջերը կամ ինչու բուհերն իրենց շրջանավարտների տվյալները չեն ուղարկում բոլոր գործատուներին: Հարցի հեղինակը համոզված էր, որ նման գործառույթ բուհերն ունեն` համաձայն Բոլոնիայի գործընթացի ընթացակարգի: Ի պատասխան` նախարարը հանգամանալից բացատրել է Բոլոնիայի գործընթացի սկզբունքները` ընդգծելով, որ նման պարտավորություն բուհերն իհարկե չեն ստանձնել, քանի որ այն իրականում նախատեսված չէ Բոլոնիայի գործընթացով: Այլ հարց, որ բոլոր բուհերը, ըստ Ա. Աշոտյանի, պարտավոր են ունենալ կարիերայի կենտրոններ, որտեղ գործատուները պետք է ներկայացնեն թափուր աշխատատեղերը և պահանջարկը: «Իհարկե, բուհերի մեծ մասում այդ կենտրոնները գործում են, սակայն շատ հաճախ դրանք կրում են ձևական բույթ, որովհետև չունենք պատշաճ կապ աշխատաշուկայի հետ: Այն ոլորտներում, որտեղ գործատուն շահագրգռված է ունենալ որակյալ կադրեր, գործերն առաջ են գնում: Որպես ապացույց` տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը»,-նշել է նախարարը` ընդգծելով, որ իրականում Բոլոնիայի գործընթացը հետևանք էր Եվրոպայում միասնական տնտեսության զարգացման, որն իր հետ բերեց միասական աշխատաշուկա և միասնական կրթական տարածք: «Եվրոպայի պետությունները եկել էին համաձայնության, որ կճանաչեն ավարտական վկայականները, եթե այդ երկրներում գործի կրթության եռաստիճան համակարգ, ներմուծվեն կրեդիտներ, որակի հսկման մեխանիզմներ` ներքին և արտաքին, ինչպես նաև թափանցիկության գործիքներ` սկսած հասարակությանը հաշվետու լինելուց մինչև վարկանիշավորում: Չլինելով եվրոպական տնտեսական տարածքի մաս` Հայաստանը փորձել է ներմուծել այդ ստանդարտները` միջազգայնորեն ճանաչելի դարձնելու համար իր կրթությունը»,-նշել է նախարարը: ԿԳՆ