Ինչպես խուսափել ցրտահարությունից. խորհուրդներ
Արդեն 2 օր է` Արարատյան դաշտավայրի բնակիչները խուճապի մեջ են։ Նրանց խուճապի մեջ են գցել սպասվող ցրտահարության մասին լուրերը։ Արարատի մարզի գյուղատնտեսության բաժնի պետ Վանիկ Սանոյանի փոխանցմամբ՝ իրենք գյուղապետարաններին տեղյակ են պահել հնարավոր ցրտահարության մասին. «Հեռուստացույցից ենք տեղեկացել, ԱԻՆ-ն է հաղորդագրություն տարածել, մենք էլ գյուղապետարաններին ենք ասել, Գյուղատնտեսության նախարարությունից առայժմ պաշտոնական հաղորդագրություն չենք ստացել»։ Պտղատու ծառերը ցրտից պաշտպանելու համար Սանոյանը գյուղացիներին խորհուրդ է տալիս միայն ծխահարել այգիները։ «Ա1+»-ի հարցին, թե արդյո՞ք ծառերը ցրտահարությունից պաշտպանելու համար այլ միջոցներ չկան, Սանոյանն ասաց. «Չէ մենակ ծխահարությունն է, ուրիշ բան չկա»։ Աշխարհում գործող՝ ցրտահարությունից պաշտպանող սարքերի մասին Սանոյանն անգամ տեղյակ էլ չէր։ Նման տեխնոլոգիաների կիրառումը Հայաստանում նա թանկ հաճույք է համարում. «Հայաստանը Եվրոպա չէ, էնտեղ շատ բաներ կան, մեր պետությունը կուզենար նման բան ունենար, բայց էդքան փող չունի», - նշեց Արարատի մարզի գյուղատնտեսության բաժնի պետը։ Արմավիրի մարզի Գեղակերտ համայնքում արդեն գիտեն սպասվող ցրտահարության մասին։ Համայնքի ղեկավար Սերյոժա Առաքելյանի փոխանցմամբ՝ իրենց մարզպետարանի համապատասխան վարչությունից տեղեկացրել են, որ մարտի 31-ին ջերմաստիճանը կտրուկ նվազելու է։ «Գիտեն, բայց ի՞նչ պիտի անեն, մենակ պետք է ծխահարեն, էն էլ եթե անձրևային եղանակ լինի, օգուտ չի տա», - նշում է Գեղակերտի գյուղապետը և հավելում՝ մարդկանց հույսը մնում է միայն Աստված։ Պտղատու այգիները ցրտահարության հնարավոր վտանգից պաշտպանելու համար նախարարության մասնագետները խորհուրդ են տալիս դիմել ավանդական միջոցներին՝ այգիների հարակից ճանապարհների վրա, քամու ուղղությամբ, պատրաստել կիսաչոր բուսական մնացորդների, աթարի ու այլ այրվող նյութերի կույտեր և գիշերվա ժամերին, երբ ջերմաստիճանը նվազելով սկսում է մոտենալ զրո աստիճանին՝ այրել (ծխեցնել) նշված կույտերը, ամբողջ այգին պատելով կայուն ծխածածկույթով: Սովորաբար ամենացածր ջերմաստիճանները գրանցվում են գիշերվա ժամը 4-ից մինչև առավոտյան 7-ը ընկած ժամանակահատվածում: Եթե կա ոռոգման հնարավորություն, ապա խորհուրդ է տրվում սպասվող ցրտահարության օրը կորիզավոր պտղատու այգիները գիշերային ժամերին առատ ոռոգել: Ցանկալի է ոռոգել նաև բաց դաշտում սածիլված վաղահաս կաղամբի բույսերը: Սինթետիկ թաղանթների տակ աճեցվող բանջարաբոստանային տարբեր մշակաբույսերը, սածիլները, ելակի, կարտոֆիլի բույսերը և այլն նույնպես կարող են վնասվել: Ուստի, խորհուրդ է տրվում հնարավորության դեպքում կատարել ջեռուցում, իսկ դրա անհնարիության դեպքում օգտագործել լրացուցիչ ծածկոցներ՝ ապահովելով դրական ջերմաստիճանային ռեժիմ: «Հորդորում ենք գյուղացիական բոլոր տնտեսություններին՝ վստահաբար հետևել բազմամյա փորձով ապացուցված մեր խորհուրդներին, որոնք հնարավար կդարձնեն նվազագույնի հասցնել սպասվող վտանգն ու կանխել բերքի կորուստները»,- ասվում է Գյուղնախարարության հաղորդագրության մեջ: Հիշեցնենք, որ մարտի 31-ին Արարատյան դաշտում և նրա նախալեռներում սպասվում է ջերմաստիճանի անկում` գիշերը օդում մինչև 2 աստիճան, հողի մակերևույթին` 5 աստիճան ցուրտ: Հայհիդրոմետից մեր հարցմանն ի պատասխան հայտնեցին, որ ապրիլի 1-ից ջերմաստիճանը կսկսի բարձրանալ։