Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ձեզնից ընդհանրապես վախեցող չկա»

Կարևոր լուրեր Քաղաքականություն
38f01ed9c9d05e4a08df072d6cdf6903

«Տանում եք ուղղագիծ սոցիալական բունտի, ձեզ փրկում են միայն տրանսֆերտները»,- ԱԺ ամբիոնից այսօր հայտարարեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն` անդրադառնալով 4 ոչ իշխանական ուժերի նախաձեռնությանը` ստեղծել ժամանակավոր հանձնաժողով «Արագաչափերի, տեսանկարահանող սարքերի տեղադրման, վճարովի ավտոկայանատեղերի, ուղեւորափոխադրման ուղեվարձի» վերաբերյալ: «Ինչի պիտի ՀՀ ՀՆԱ-ի կեսից ավելին տիրապետի մի քանի ընտանիք, օլիգարխ, 5-10 տոկոսն է այս երկրում կարողանում գոյատեւել, իսկ միջին խավ ընդհանրապես գոյություն չունի»,- խոսելով արագաչափերի ու կարմիր գծերի արատավոր ազդեցության մասին` նկատեց պարոն Մանուկյանը` հայտարարելով, որ ՀԱԿ-ը կողմ է քվեարկելու այս նախագծին: ՀԱԿ մեկ այլ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նկատեց` Կառավարությունն ասում է` սա պայքար է կոռուպցիայի դեմ. «Սա շատ վատ պայքար է: Միեւնույն է` պետավտոտեսուչները շարունակում են հավաքել վարորդներից այդ գումարները: Ամենահասարակ սխալների համար այսօր վարորդներն աստղաբաշխական տուգանքների են ենթարկվում: Այսպիսով` ստիպում եք, որ մարդիկ կարոտով հիշեն նախկին կոռումպացված ժամանակները: Իմ ամենօրյա ճանապարհին այնպիսի անհասկանալի ու անտրամաբանական կանոններ են փոխվել: Այսօր մասնավոր ընկերությունը յուրաքանչյուր վարորդի ընտանեկան բյուջեի մեջ փայ է մտել»: Պատգամավորը կոնկրետ առաջարկներ ուներ. «Պետք է վետո դնել նոր արագաչափերի տեղադրմանը, ոստիկանությանն ուղղակի պետք է արգելել դա, տուգանքները 2-10 անգամ նվազեցնել: Իսկ ավելի լավ կլինի, եթե ընդհանրապես հանվեն արագաչափերը: Մարդ ես` զրույցով ես բռնվում ուղեկցիդ հետ ու 10 կմ/ժ-ով գերազանցում ես ընդունված արագությունը, որը անշառ բան է, ու միանգամից տուգանվում ես: Ինչ վերաբերում է կարմիր գծերին, ապա մայրաքաղաքի որոշ տեղերում, օրինակ, Գումի շուկայի մոտ ավտոկայանման համար նախկին 100 դրամ վճարումները դեռ մնացել են: Այս պրոցեսները զարգանում են «Չարի վերջը»-ի տրամաբանությամբ` մի անգամ կարող եք գալ, ասել` էս սարն իմն է, էս 100 դրամն իմն է, սակայն գիտենք` չարի վերջն ինչ է լինելու»: Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը փորձեց արդարացնել Կառավարության որոշումները եւ որոշեց օգնության կանչեց Սահմանադրությանը` վերլուծելով այն: Պատգամավորների կողմից ներկայացված մի շարք հարցադրումներ նրան, սովորույթի համաձայն, հիշեցրին մի հայտնի անեկդոտ, որից հետո նա հայտարարեց. «Պատկերացրեք` արագաչափ չէ, ամեն մի տեղ ոստիկան է կանգնած: Այնպես չի, որ մենք ոչինչ չենք անում: Օրինակ` դպրոցների մոտ 40 կմ/ժ արագությունը հանել ենք ոչ աշխատանքային օրերին ու շաբաթ-կիրակի օրերին: Կան երկրներ, որտեղ արագության գերազանցումը հավասարեցված է սպանության հանցանքին: Ի դեպ, հարգելի ընդդիմություն, ձեզնից ընդհանրապես վախեցող չկա. մի մոռացեք` Կառավարությունն ու ԱԺ մեծամասնությունը նույնն են: Պատրաստ ենք կոպեկ առ կոպեկ ներկայացնել` ով, ինչքան է տվել ու ինչքան է ծախսվել: Ուղարկեք ձեր հարցադրումը ու կառավարությունը կպատասխանի: Եթե չեք ուզում, որ արագացուցիչ լինի, պետք է օրենք փոխեք»: