Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բուհերի միավորման դեպքում կրճատումներն անխուսափելի կլինեն (տեսանյութ)

Քաղաքականություն
Ashotyan

Կվերամիավորվե՞ն արդյոք Հայաստանի պետական ճարտարագիտական եւ Հայաստանի պետական ճարտարապետաշինարարական համալսարանները։ Հարցը, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի խոսքերով, դեռ քննարկվում է: Սակայն ԲՈՒՀ-երի վերամիավորման դեպքում կադրային որոշ փոփոխություններն անխուսափելի կլինեն: «Կրճատում բառից մի սարսափեք, չի կարող ԲՈՒՀ-ում լինել երկու գլխավոր հաշվապահ, չեն կարող ԲՈՒՀ-ում լինել 8 պրոռեկտոր, չեն կարող լինել կրկնվող վարչական աշխատողներ, կմոդելավորենք, կհասկանանք, թե ինչ հետեւանքների դա կարող է բերել եւ ինչպես կարող ենք մեղմել այդ հետեւանքները»,- այսօր կառավարության նիստից հետո նշեց Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը։ Նախարարը միաժամանակ տեղեկացրեց, որ միավորվելու պարագայում հաշվի է առնվելու նաեւ դասախոսների եւ ուսանողների կարծիքը: Պարոն Աշոտյանի խոսքով` առաջիկայում կհայտարարվի նաեւ մրցույթ, եւ կարող են դիմել բոլոր թեկնածուները` ռեկտորի պաշտոնի համար։ Առայժմ լիազորությունները դրվել են Հայաստանի պետական ճարտարապետաշինարարական համալսարանի նախկին ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանի վրա: Իսկ կառավարության այսօրվա նիստում որոշվեց «Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի վերակազմակերպելու մասին» որոշման նախագծում կատարել հետևյալ փոփոխությունները`Հովհաննես Վաչեի Թոքմաջյանին բառերը փոխարինել Գագիկ Շաղաբեգի Գալստյան բառերով։