«Ստեղծվում է նոր աշխարհակարգ, որտեղ ՌԴ դերը մեծանալու է» (տեսանյութ)
Մենք ականատես ենք լինում նոր աշխարհակարգի ստեղծմանը, որտեղ Ռուսաստանի դերն ավելի է մեծանալու: Իսկ Հայաստանը պետք է կողմնորոշվի և իր դերը գտնի նոր աշխարհակարգում: Այս կարծիքի է Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը։ Ըստ նրա` նոր աշխարհաքաղաքական համակարգը գալիս է փոխարինելու հին` երկրորդ համաշխարհայինի տարիներին ստեղծված համակարգին: Սաֆրաստյանն ասաց, որ Արցախի վրա առայժմ Ղրիմով պայմանավորված ոչ մի ազդեցություն չի ակնկալում: Նրա խոսքով` ամեն մի ինքնորոշման դեպք կարևոր է մեր ժողովրդի համար, Հայաստանը պետք է մի շարք հանգամանքներ հաշվի առնի. «Հայաստանը պետք է մտածի Ուկրաինայում և Ղրիմում ապրող իր հայրենակիցների մասին», - ընդգծեց նա: Հայաստանը պետք է կողմ լինի, որ բոլոր տեսակի հակամարտությունները լուծվեն խաղաղ ճանապարհով՝ նկատում է Արևելագիտության ինստիտուտի տնօրենը: «Մենք որպես փոքր պետություն, որը գտնվում է վտանգավոր տարածաշրջանում պետք է շահագրգռված լինենք, որ բոլոր հակամարտությունները, հատկապես Ուկրաինայի նման համամոլորակային նշանակություն ունեցող հակամարտությունը, պետք է լուծվեն հնարավորինս խաղաղ ճանապարհով»,- նշեց նա: Իսկ ՌԴ նախագահի վերջին ելույթը Ռուբեն Սաֆրաստյանը որակեց ներքին քաղաքական նշանակության ելույթ, որն ուղղված էր ռուս բնակչությանը: