Պուտին. «Մենք չէինք կարող Ղրիմը թողնել դժբախտության մեջ»
Ռուսաստանցիների 92 տոկոսը կողմ է Ղրիմի` Ռուսաստանին միացմանը: Ռուսաստանում անցկացված վերջին սոցհարցման այս տվյալները մեջբերեց այդ երկրի նախագահ Վլադիմիր Պուտինն՝ այսօր Ղրիմի հանրաքվեի վերաբերյալ ուղերձ հղելով։ Ըստ այդ նույն սոցհարցման՝ ռուսաստանցիների 95 տոկոսը համարում է, որ Ռուսաստանը պետք է պաշտպանի Ղրիմում ապրող ռուսների և մյուս ազգությունների շահերը: Հարցվածների 86 տոկոսը համարում է, որ Ղրիմը ռուսական հող է: «Ղրիմցիները հարցը դրել են կոշտ, առանց փոխզիջման, կիսատ գույների: Հանրաքվեն անցկացվել է բաց և ազնիվ: Մարդիկ Ղրիմում արտահայտել են իրենց կարծիքը: Նրանք ուզում են լինել Ռուսաստանի հետ»,- ասել է Պուտինը: Դիմելով Ուկրաինայի ժողովրդին` նա նշել է, որ Ռուսաստանը միշտ էլ հարգել է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը` ի տարբերություն նրանց, ովքեր խոսում են միասնական Ուկրաինայի մասին, բայց ամեն ինչ արեցին, որ պառակտեն երկիրը: «Մի հավատացեք նրանց, ովքեր ձեզ վախեցնում են Ռուսաստանով, ասում, թե Ղրիմին հաջորդելու են այլ տարածքներ: Մենք չենք ուզում Ուկրաինայի մասնատում»,- ասել է Պուտինը: Նրա խոսքով՝ Ղրիմը կշարունակի մնալ ուկրաինական, ռուսական, թաթարական, բայց այն երբեք չի լինի «բենդերովյան»: «Ղրիմը մեր ընդհանուր հարստությունն է»,- ասել է Պուտինը: Նա նշել է, որ Ղրիմը պետք է լինի «կայուն ինքնիշխանության տակ», որը այսօր փաստացի կարող է լինել միայն ռուսական։ Այլապես ռուսները և ուկրաինացիները կարող են ընդհանրապես կորցնել Ղրիմը: Պուտինը հիշեցրել է, որ Ղրիմում հաճախակիացել են կոչերը, որ Ուկրաինան պետք է միանա ՆԱՏՕ-ին: «Մենք դեմ ենք, որ ռազմական կազմակերպությունը տիրություն անի մեր սահմանի մոտ: Ես չեմ կարող պատկերացնել, որ մենք Սևաստոպոլ հյուր գնանք ՆԱՏՕ-ի նավաստիների մոտ: Նրանք լավ տղաներ են, բայց ավելի լավ է` թող նրանք մեզ հյուր գան»,- ասել է Պուտինը: Նրա խոսքով՝ Ռուսաստանը միշտ պաշտպանելու է Ուկրաինայի միլիոնավոր ռուսալեզու բնակիչների շահերը, բայց նախ և առաջ Ուկրաինան պետք է շահագրգռված լինի, որ նրանց իրավունքները հարգվեն: «Մենք ուզում ենք, որ Ուկրաինայի հողին գան խաղաղություն ու համաձայնություն»,- ասել է Պուտինը: Նա նշել է, որ երբ Ռուսաստանը ճանաչում էր Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, հույս ուներ, որ Ուկրաինան կլինի ժողովրդավարական երկիր, դրանում կհարգվեն ռուսալեզու բնակչության իրավունքները։ Սակայն իրականում վարվում էր այդ բնակչությանն ուծացնելու քաղաքականություն: Ուկրաինայում փոխվում էին նախագահները, բայց չէր փոխվում նրանց վերաբերմունքը երկրի և ժողովրդի նկատմամբ: «Նրանք կթում էին Ուկրաինան»,- ասել է Պուտինը: Նա հավաստիացրել է, որ հասկանում է նրանց, ովքեր Մայդան դուրս եկան խաղաղ և ժողովրդավարական կոչերով: Բայց Ուկրաինայի վերջին իրադարձությունների ժամանակ կիրառվեցին ահաբեկչություն, սպանություններ, ջարդեր, իրավիճակը սկսեցին վերահսկել դրսից ղեկավարվող նեոնացիստները, ռուսատյացներն ու հակասեմիտականները: Պուտինը նշել է, որ Ուկրաինայում դեռ չկա լեգիտիմ իշխանություն, նույնիսկ ներկայիս իշխանության որոշ նախարարների մոտ ընդունելության գնալ կարելի է միայն Մայդանի «զինյալների» թույլտվությամբ: «Դա կատակ չէ,- ասել է Պուտինը և հավելել։- Մենք չէինք կարող Ղրիմին և իր բնակիչներին թողնել դժբախտության մեջ: Հակառակ դեպքում դա կլիներ պարզապես դավաճանություն»: Այս պայմաններում, Պուտինի խոսքով, ղրիմցիներն ազատ կամարտահայտությամբ որոշեցին իրենց ճակատագիրը: Բանախոսը հիշեցրել է, որ ՄԱԿ-ի կանոնադրությունը թույլատրում է ազգերի ինքնորոշումը: Ճիշտ նույն կերպ վարվեց Ուկրաինան, երբ դուրս եկավ ԽՍՀՄ-ից: «Ուկրաինայում օգտվեցին այդ իրավունքից, իսկ ղրիմցիներին մերժո՞ւմ են: Ինչո՞ւ»,- հարցրել է Պուտինը: Նա նաև հիշեցրել է, որ Արևմուտքն ընդունել է Կոսովոյի անկախությանը: «Չգիտես ինչու, այն, ինչ կարելի է Կոսովոյի ալբանացիներին, արգելվում է ղրիմցիներին և Ղրիմի թաթարներին»,- ասել է Պուտինը: ԱՄՆ-ի այն դատողությունը, որ Կոսովոյի դեպքը յուրահատուկ է, քանի որ այդ հակամարտության ժամանակ շատ զոհեր են եղել, Պուտինն անվանել է «արդեն ոչ թե երկակի ստանդարտ», այլ «ուղղակի ցինիզմ»: «Ի՞նչ է, պետք է ամեն հակամարտություն հասցնել զոհերի՞»,- ասել է նա՝ ենթադրելով, որ եթե Ղրիմի տեղական ինքնապաշտանական ուժերը իրենց ձեռքը չվերցնեին իրավիճակը, ապա Ղրիմում ևս զոհեր կլինեին: Պուտինը կոշտ քննադատել է ԱՄՆ-ին՝ միջազգային իրավունքի հետ «սրտի ուզածի պես» վարվելու, ինքնիշխան պետությունների դեմ ուժ կիրառելու համար: Պուտինն օրինակ է բերել Հարավսլավիայի ռմբակոծությունն ու ինտերվենցիան, ռազմական գործողությունները Աֆղանստանում, Իրաքում, Լիբիայում, գունավոր հեղափոխությունների կառավարվող շղթան: Նրա խոսքով՝ այդ երկրների «վզին փաթաթել են» արժեքներ, որոնք խաղաղություն չեն բերել: Պուտինի գնահատմամբ՝ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններն ուղղված էին և Ուկրաինային, և Ռուսաստանին, և եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացներին: Անդրադառնալով Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու Արևմուտքի սպառնալիքներին` նա նշել է, որ այսպես թե այնպես ապրում են սահմանափակումների, արգելքների պայմաններում: «Մեզ անընդհատ փորձում են անկյուն քշել նրա համար, որ անկախ քաղաքականություն ենք վարում, իրերն իրենց անուններով ենք անվանում և կեղծավորություն չենք անում»,- ասել է Պուտինը։ Նա, սակայն, հավելել է, որ Ուկրաինայի հարցում արևմտյան գործընկերները չափն անցել են: «Այսօր պետք է դադարեցնել հիստերիկան, հրաժարվել սառը պատերազմի հռետորաբանությունից»,- ասել է Պուտինը։ Նա նշել է, որ Ռուսաստանը անկախ երկիր է, ունի իր շահերը, որոնք պետք է հաշվի առնել և հարգել: Իր ելույթի սկզբում Պուտինը պատմական էքսկուրս է արել` նշելով, որ Ղրիմը ռուսական տարածք է, և այն ժամանակ, երբ հանձնվում էր Ուկրաինային, շատերը չէին կարծում, որ ԽՍՀՄ-ը կփլուզվի: Սակայն երբ ԽՍՀՄ փլուզումից հետո Ղրիմը հայտնվեց այլ պետության կազմում, Ռուսաստանը զգաց, որ իրեն կողոպտել են, իսկ ռուս ազգը դարձավ աշխարհում ամենամեծ մասնատված երկիրը: