«Կամ բացահայտում ենք Մարտի 1-ը, կամ ազգ չենք»
«Կամ մենք հասնում ենք Մարտի մեկի ոճրագործության բացահայտմանը, կամ մենք ազգ չենք», - ահա այս կոչով դիմեց Ազատության հրապարակում հավաքված ժողովրդին Արամ Մանուկյանը։ ՀԱԿ պատգամավորը տեղեկացրեց հավաքվածներին, որ երեկվանից իշխանությունները փակել են գյուղերից եկող ճանապարհները, բայց նաեւ վստահեցրեց, որ այդ կերպ հոսանքի դեմ առնել նրանք չեն կարող. «Ազատ մարդը գալու է ազատության հրապարակ։ Այսօր ծով է տալու հրապարակը»։ Արամ Մանուկյանը իր խոսքում նաեւ ներողություն խնդրեց 2008 թ. Մարտի մեկին զոհվածների ծնողներից. «Ներողություն եմ խնդրում, որ ձեր որդիներին սպանողները դեռ ման են գալիս քաղաքում ու պատժված չեն»,- ասաց նա եւ խոսքը փոխանցեց Ազատամարտիկ Խաչիկ Ավետիսյանին. «Մարդիկ պետք է դասեր քաղեն անցյալից, որպեսզի կանխարգելեն նոր ոճրագործությունը։ Պետք է արձանագրենք, որ պետությունը պատշաճ կերպ չարձագանքեց Մարտի մեկին, պետությունը ամեն ինչ արեց, որ կոծկի Մարտի մեկը»,- ասաց նա իր ելույթում եւ հավելեց, որ ոչ պետությունը, ոչ քաղաքացիները եւ ոչ էլ կուսակցությունները ոչ մի դաս չքաղեցին, ու ոճրագործության կրկնության վտանգը այսօր էլ արդիական է.«Ավելին, նրանք ՀԱԿ –ի բոլոր ուղղակի եւ անուղղակի քայլերն էլ կասեցրեցին»։ 2008 իշխանությունները հերթական անգամ կեղծեցին ընտրությունները, նրանք ընտրեցին պետական ահաբեկչության ուղղին՝ համոզված է ազատամարտիկ Խաչիկ Ավետիսյանը. «6 տարում մարդկանց վիճակը ավելի է վատացել, անտանելի է դարձել եւ ժողովուրդը չի սպասելու նոր ընտրությունների, ընդվզելու է»։ Իր ելույթի վերջում նա կոչ արեց բոլոր ազատամարտիկներին համախմբվել եւ իրենց «նվնվացող» անվանող անբարոներին ապացուցել, թե ինչ է ազատամարտիկի պատիվը։