Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Որ կառույցն ում կպահպանի (տեսանյութ)

Քաղաքականություն
0f191c42d7c45ae6f621199bd4541a7c

ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովում այսօր քննարկվեց «Ոստիկանության պահպանության մասին» եւ «Ոստիկանության մասին» օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը: Առաջին օրենքով նախատեսվում է մի շարք հույժ կարեւորագույն պետական, ինչպես նաեւ՝ մասնավոր մարմինների շենքերի պահպանության ցանկի ընդլայնում՝ Ատոմակայան, Մետրոպոլիտեն, առանձին կայաններ՝ Որոտանի, Հրազդանի ՀԷԿ-երը, կամուրջներ, առանձին հատուկ նշանակության գործարաններ՝ զենքերի, թմրանյութերի, բացառությամբ հատուկ պահպանության պետական շենքերի, որոնք այլ կարգով են պահպանվում: Վերջնական ցանկը դեռ հաստատված չէ. համալրվում է: Նախագծերը ներկայացնում էր փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանը: Ըստ փոխոստիկանապետի՝ մինչեւ 2018թ. Ոստիկանության պահպանության համապատասխան ծառայությունը կստանձնի պատասխանատվությունը այդ օբյեկտների պահպանման, իսկ եթե ԱԺ-ն հետագայում հարկ համարի, ապա կերկարաձգի օրենքի այս կիրառումը կամ կվերանայի: Արթուր Օսիկյանը նկատեց, որ այս բնագավառում բացի ոստիկանությունից, գործում են նաեւ մասնավոր ընկերություններ, թեեւ շատ մասնավոր անձինք կամ կազմակերպություններ ձգտում են իրենց պահպանությունը վստահել Ոստիկանությանը: Մասնավոր պահնորդական կազմակերպությունների միության նախագահ Հովհաննես Պետրոսյանին հետաքրքրում էր՝ ինչո՞վ էր պայմանավորված 2018թ. ժամկետը: Արթուր Օսիկյանը պատասխանեց՝ նշելով, որ պատճառն այն է, որ այս ընթացքում հետեւում են մասնավոր պահնորդական կազմակերպությունների մասնագետների որակավորմանը եւ լիցենզավորմանը. «Եթե գտնում եք, որ ավելի վաղ նրանք պատրաստ կլինեն, մենք պատրաստ ենք վերանայել օրենքը»: Հովհաննես Պետրոսյանը շարունակեց՝ ասելով՝ երբ ուժի մեջ մտավ «Պահնորդական գործունեության մասին» օրենքը, արդեն իսկ առանձնացվեց պետական շենքերի պահպանումը, այժմ ներառվում են նաեւ մասնավոր կառույցները. «Առաջարկում եմ լիցենզավորման քննարկումներն արագացնեն: Ուսուցումը նախատեսված է չորս ամիս: Ինձ հետաքրքրում է՝ ո՞ր օբյեկտներն ենք մենք պահպանելու, որոնք ոստիկանությունը: Մենք ցանկանում ենք նախապես իմանալ ցանկը»: Արթուր Օսիկյանը նկատեց՝ 2000-ական թթ. օրենքի ընդունումից հետո երկրում նոր ենթակառուցվածքներ են ի հայտ եկել, այդ պատճառով ցանկն ընդլայնվում է. «Իսկ մասնավոր պահնորդական կազմակերպություններին կվերապահվի միայն քաղաքացիների ու մասնավոր անձանց գույքի պահպանումը: Ինչ վերաբերում է մասնավոր կազմակերպությունների պահնորդների լիցենզավորմանը, ապա տարրական գիտելիքներ չունեցող անձանց մենք չենք կարող լիցենզավորում տալ: Պրիմիտիվ հարցեր են տրվել նրանց, որոնց չեն կարողացել պատասխանել, ոլորտի այբուբենը չեն կարողացել անցնել»: Էդմոն Մարուքյանը նկատեց՝ միգուցե մասնավոր պահնորդական կազմակերպությունների լիազորությունները սահմանափակ են, քանի որ հենց ոստիկանությո՞ւնն է տալիս լիցենզավորում: Մասնավոր պահնորդական կազմակերպությունների միության նախագահ Հովհաննես Պետրոսյանն առաջարկեց՝ ոստիկանության եւ մասնավոր, պետական կառույցների միջեւ կնքվող պայմանագրերն ունենան մեկ տարվա ժամկետ եւ անցումային դրույթներով նույնիսկ պետական պահպանության օբյեկտները եւս վստահվեն մասնավոր կազմակերպություններին: Այնուամենայնիվ, եղած տարաձայնություններով հանդերձ հանձնաժողովը կառավարության ներկայացրած «Ոստիկանության պահպանության մասին» օրենքի փոփոխություններին հավանություն տալ եւ լրամշակված տարբերակով մտցնել ԱԺ լիագումար նիստերի օրակարգ: Ի դեպ, հանձնաժողովն այսօր հաստատեց նաեւ հանձնաժողովի նոր անդամի եւ միաժամանակ հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում ԲՀԿ պատգամավոր Աբրահամ Մանուկյանին: Հանձնաժողովի աշխատանքների կազմում է ներառվել նաեւ ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը: