Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փիլիսոփայական վեճ ԱԺ-ում

Քաղաքականություն
աժ

Արդյոք մեր երկրում քննիչն անկա՞խ է: ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում Արդարադատության նախարարը համոզմունք հայտնեց, որ փոփոխություններ կատարելով «Քննչական կոմիտեի մասին» օրենքում՝ քննչական ծառայողին իր իրավասություններն իրականացնելիս կտրվի այդ անկախությունը: ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը սկզբունքորեն դեմ էր: Ըստ նրա, անկախ կարող է լինել միայն դատավորը, իսկ քննիչը՝ ընդամենը ինքնուրույն. «Դատավորն այսօր անկախ չէ, դուք ուզում եք, որ քննի՞չն անկախ լինի: Քննիչը կախված է իր կոմիտեի նախագահից, իր բանի պետից, ուսադիրներով, աշխատավարձով»։ Բառերի ու կետադրական նշանների, հոմանիշների ու բառակապակցությունների շուրջ օրենսդիրի ու գործադիրի վեճն այնքան երկարեց, որ Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը հիշեց ՀՀԿ պատգամավոր Դավիթ Հարությունի՝ իրեն պատմած մի անեկդոտ. «Մեկն իր խանութի վերեւում մեծ տառերով գրել է «այստեղ վաճառվում է թարմ ձուկ», ընկերներից մեկն ասում է լսի այդ «այստեղ» բառն ինչի՞ ես գրել, հո այնտեղ չի՞ վաճառվելու, հանի, ավելորդ բառ է։ Հա, ասում է, ճիշտ ես ասում, հանում է, 2-րդ ընկերն է գալիս, ասում է՝ այս վաճառել բառն ավելորդ է, հանի, որ խանութ է, պետք է վաճառվի, ինչի՞ համար ես գրել, ավելորդ է, հանի։ Մյուսը գալիս ասում է՝ էս որ գրել ես թարմ ձուկ, էդ ո՞ր մի ապուշն է գնելու, որ իմանա ձուկը հոտած է, հին է, էդ էլ հանի, գրի ձուկ, վերինը գալիս ասում էլ լսի ձկանդ հոտը 100 մետրից գալիս է, ինչի՞ ես գրել ձուկ: Հիմա էդ սկզբունքով շարվենք»: Նրան ի պատասխան, ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը հիշեց համարժեք մեկ այլ անեկդոտ. «Հեր ու տղա էշով մի տեղ են գնում, մի գյուղում սենց են ասում գնացեք, էն մի գյուղում նենց, վերջում հայրն ասում է՝ տղա ջան, որ մենք էս ժողովրդին լսենք, ուրեմն էս էշին մենք պիտի շալակենք... հիմա էդ չի խնդիրը»: Պետաիրավական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը փորձեց հարցին լուծում գտնել. «Ես առաջարկում եմ, քանի որ սա մի քիչ փիլիսոփայական վեճ է, մի քիչ էլ փորփրենք մեզ համար»։