Շանթ Հարությունյանի կնոջ դիմումն իրավապաշտպաններին (տեսանյութ)
Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում Շանթ Հարությունյանի նախկին կինը` Ռուզան Բադալյանը, հայտարարեց, որ նոյեմբերի 5-ի դեպքերից հետո իր որդուն` Շահեն Հարությունյանին, անընդհատ հետապնդում են Mercedes մակնիշի մեքենայով: Հետապնդումները անգամ շարունակվել են ոստիկանների ներկայության դեպքում, ինչից տիկին Բադալյանը ենթադրում է, որ հետապնդումները իրականացնում են քաղաքացիական հագուստով որևէ ուժային կառույցի ներկայացուցիչներ: Հետապնդումները վերջացան միայն այդ մասին մամուլում հայտարարելուց հետո: Վերջին շրջանում Շահեն Հարությունյանի նկատմամբ հետապնդումերը շարունակվում են նաև իր` թիվ 139 դպրոցում, մասնավորապես ռազմագիտության ուսուցչի կողմից: Ռ. Բադալյանի խոսքերով, ռազմագիտության ուսուցիչը դասաժամի ընթացքում քաղաքական քարոզչությամբ է զբաղվել` ուղղված Շանթ Հարությունյանի դեմ, այդպիսով սադրելով որդուն: «Շահենը հորդորել է ուսուցիչ մայորին չվիրավորել իրեն, սակայն դրան ի պատասխան ուսուցիչը հարվածել է որդուս, իսկ Շահենի գործողությունները զուտ ինքնապաշտպանության բնույթ են կրել: Նա իրենից մի քանի անգամ հաղթանդամ տղամարդուց պաշտպանվելու համար աթոռով հարվածել է նրան»,- պարզաբանեց Ռ. Բադալյանը: Ըստ Շահենի մոր՝ այս ամենը ուղեկցվել է ուսուցչի կողմից տարաբնույթ վիրավորանքներով դասընկերների ներկայությամբ, ինչն ավելի է սրել իրավիճակը. «Մայրական խնդրանքով դիմում եմ մեր երկրի իրավապաշտպան կազմակերպություններին և արևմտյան դիվանագիտական կորպուսներին՝ թույլ չտալ, որ հոր քաղաքական հայացքների պատճառով ոչնչացնեն զավակիս»։