Որոտանը վաճառվեց, քանի որ 40 տարեկան էր
Յուրաքանչյուր չորեքշաբթի օրվա վերջին ԱԺ նիստում ՀՀ վարչապետը եւ Կառավարության մյուս անդամները պատասխանում են պատգամավորների գրավոր եւ բանավոր հարցերին։ Այսօր գրավոր հարցեր չկային։ Առաջին հարցն ուղղված էր Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին։ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը հետաքրքրվեց, թե ինչու է Որոտանի կասկադը վաճառվել առանց մրցույթի։ «Վստահ եմ, որ սա կոռուպցիոն ռիսկ է պարունակում, եւ տրադիցիոն ատկատներով կնքված գործարք է։ Որոտանի հիդրոկասկադը գնելու համար հետաքրքրություն են ցուցաբերել մի քանի երկրներ՝ ԱՊՀ-ից եւ Եվրոպայից»,-ասաց Լյուդմիլա Սարգսյանը։ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը պարզաբանեց, որ Որոտանի կասկադը 40 տարեկան է դառնում, իսկ նման կասկադների համար 40 տարին սահմանային տարիք է, որտեղ պետք են լուրջ ներդրումներ. «Սա է պատճառը, որ կառավարությունը որոշել է վաճառել Որոտանի կասկադը»։ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի հարցը կրկին վերաբերում էր Որոտան Կասկադին։ Նրան հետաքրքրում է, թե ի՞նչ իրավունքով է կառավարությունը օտարել պետական գույքը։ Վերջինիս հարցին պատասխանեց Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը. «Կառավարությունը ոչինչ չի վաճառել, գույքը վաճառել է Որոտան ՓԲԸ-ն եւ վաճառել է գույքի մի մասը։ Կառավարությունը Որոտանի որեւէ բաժնետոմս չի վաճառել»,-նշեց Հրայր Թովմասյանը։