ՍԴ անդամներին՝ ապահով ծերություն. «Սիրուն չի»
ԱԺ-ն այսօր քննեց Սերժ Սարգսյանի առարկությամբ ԱԺ վերադարձված «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց աշխատավարձերի մասին» օրենքը: Ըստ նախատեսված փոփոխությունների՝ պետք է նորից քննվի ՍԴ անդամի կենսաթոշակի հարցը եւ այն պետք է դառնա 450 հազար դրամ: ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանն իր աշխատակիցների հետ միասին անգամ աշխատավարձ ստանալու իրավունք չունեն, ուր մնաց 450 հազար դրամ կենսաթոշակ ստանան: «Բնականաբար ես չեմ կիսում ձեր տեսակետը»,- հայտարարեց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: Ըստ պատգամավորի՝ այս օրենքով ՍԴ անդամների համար ապահով ծերություն է նախատեսվում. «Դա այնքան էլ, ինչպես կասեր ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը, սիրուն չի: Ես հույս ունեմ, որ Գագիկ Հարությունյանն ու իր ընտանիքը երբևէ ընդդիմությանը շնորհակալություն կհայտնեն՝ իրենց ընտանիքի բարեհաջող կարիերայի ու ապահով ծերության համար: ՀՀ-ում, որտեղ միլիոնց ավելի մարդ գտնվում է աղքատության գծից ցածր, ինչու պիտի ՍԴ անդամը, այն էլ այն ՍԴ անդամը, որ պատասխանատու է ՀՀ-ում ստեղծված այս իրավիճակի համար, ստանա 450 հազար դրամ կենսաթոշակ: