Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Իշխանություններին պետք է ճանապարհ դնենք»

Քաղաքականություն
3a4c4a90c317e008c33fd9b2cc9acd27

Ազատամարտիկների ռազմադաշտային խորհուրդը մոբիլիզացնում է իր ուժերը: Այսօր «Ա1+»-ի հետ զրույցում նշեց խորհրդի անդամ, ազատամարտիկ Սուրեն Սարգսյանը: Նա տեղեկացրեց, որ երեկ տեղի է ունեցել նիստ, որին մասնակցել են Արցախյան պատերազմի մասնակից մի շարք ջոկատների հրամանատարներ և ազատամարտիկներ. «Երեկ մեր ավելի ընդլայնված հավաքն ենք կազմակերպել, որին բոլորն են մասնակցել` շուրջ 100 հրամանատարներ և հայտնի տղերք: Մենք շարունակում ենք անել այն գործը, ինչ որ անում էինք մինչ այս, այսինքն` մենք իմի ենք գալիս բոլոր ազատամարտիկներով: Մենք մեկ օր կգանք իշխանությունը ժողովրդին վերադարձնելու: Հարցը մեկն է` այս իշխանություններին պետք է ճանապարհ դնենք»,- տեղեկացրեց պարոն Սարգսյանը: Նա նաև նշեց, որ նիստից հետո փոփոխություններ են տեղի ունեցել նաև խորհրդի կազմում. «Եթե մինչ այս ունեինք 7 հոգիանոց հրամանատարական խորհուրդ, այդ թիվը կհասնի 20-ի, ներգրավված կլինեն բոլոր շրջանների ներկայացուցիչները: Բնականաբար կունենանք նաև աշխատանքային խումբ: Կարևորը, որ բոլորը միաձայն են, որ էսպես չպիտի լինի այլևս Հայաստանում»: Ազատամարտիկները նախորդ տարի մի քանի կլոր սեղաններ էին կազմակերպել ոչ իշխանական կուսակցությունների ներկայացուցիչների հետ, այս առնչությամբ պարոն Սարգսյանը տեղեկացրեց. «Մենք գնում ենք, թող մեր թիկունքից գան ու շարունակեն ծառայել ժողովրդին»: Հիշեցնենք, որ Ազատամարտիկների ռազմադաշտային խորհուրդը նախորդ տարի ամենշաբաթյա հանրահավաքներ էր կազմակերպում Ազատության հրապարակում` պահանջելով կառավարությանը հրաժարականը: Նախորդ տարվա դեկտեմբերի 5-ի հանրահավաքի ընթացքում ազատամարտիկները Սերժ Սարգսյանին մինչև փետրվար ժամանակ տվեցին` հրաժարվելու նախագահի պաշտոնից: