Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Երեւանի բյուջեն թակարդ է». Դ. Սանասարյան

Քաղաքականություն
9ce24a73bc9f572d882b8c190708cc3d

Երեւանի բյուջեն թակարդ հիշեցնող բյուջե է։ «Ա1+»-ին հայտնեց Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Դավիթ Սանասարյանը։

Այսօր Երեւանի ավագանին հաստատել է 2014 թ բյուջեն։ Ավագանու 58 անդամներից 39-ը կողմ է քվեարկել, 14-ը՝ ձեռնպահ։ Իսկ «Բարեւ Երեւան» խմբակցության անդամները՝ դեմ։
Դավիթ Սանասարյանի խոսքերով՝ բյուջեի մասով իրենք վերահսկողություն չեն տեսնում։
Նա որպես օրինակ բերեց շների ստերիլիզացման հարցը։ Ըստ նրա՝ ամեն տարի 200 մլն դրամ է հատկացվում, սակայն նույն քանակով շները մնում են եւ նույնիսկ ավելանում։

Երեւանի բյուջեն կանխատեսում է եկամուտների գծով՝ 69,091,815.9 հազ. դրամ, ծախսերի գծով՝ 69,491,815.9 հազ. դրամ, պակասորդը` 400,000.0 հազ. դրամ։

Ինչպես տեղեկանում ենք Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, Երևանի ավագանին նաեւ միաձայն կողմ քվեարկությամբ հավանություն է տվել մայրաքաղաքի Շենգավիթ վարչական շրջանի զբոսայգիներից մեկը ՀՀ ազգային հերոս Մովսես Գորգիսյանի անունով անվանակոչելու, «Յու.Բախշյանի անվան մանկական ֆիլհարմոնիա» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանն անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով տարածք ամրացնելու մասին որոշումների նախագծերին:

Երևանի ավագանու որոշմամբ՝ 14 իրավաբանական անձանց թույլատրվել է Երևան քաղաքի սահմանված տարածքներում կազմակերպել ծառայողական ավտոկայանատեղիներ:

Ավտոկայանատեղիների ամբողջ տարածքի համար տուրք վճարած ֆիզիկական և իրավաբանական անձինք կարող են սահմանափակել կամ չսահմանափակել տվյալ ավտոկայանատեղիում այլ անձանց կողմից ավտոտրանսպորտային միջոցների կայանման իրավունքը, սակայն իրավունք չունեն ավտոկայանատեղիից օգտվողից վճար գանձելու:

Երեւանի ավագանու հաջորդ նիստը տեղի կունենա 2014թ. փետրվարի 11-ին: