Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եվրադատարանի որոշումից Սփյուռքն անհանգստացած է

Քաղաքականություն
6d6a58c063d13b76bacc52792c5d48cc

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացում թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը արձանգրում է մեր հերթական պարտությունը։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը երեկ բավարարել է թուրք քաղաքական գործիչ Դողու Փերինչեկի հայցն ընդդեմ Շվեյցարիայի։ Թուրք գործչին շվեյցարական դատարանը պատժել էր Հայոց ցեղասպանության փաստը ժխտելու համար։ 

«Թուրքիան տարիներ ի վեր շարունակում է գործել հայոց ցեղասպանության ճանաչման արշավանքների դեմ։ Այդ թվում նաեւ փորձելով ճնշում գործադրել պետությունների ղեկավարների, դատարանների ղեկավարների վրա»,-«Ա1+»-ի հետ զրույցում նշեց թուրքագետը։ Թուրք գործչի հայցը Եվրադատարանում միաձայն չի ընդունվել, այն մի քանի դատավորի որոշման արդյունք է։ Թուրքագետը այստեղ տեսնում է թուրքական լոբիի ճնշումները։ «Նույնիսկ իր վճռում ՄԻԵԴը նշել էր, որ Փերինչեկը ոչ թե հերքում է հայոց կոտորածները, այլ մեկ այլ բառով է որակում։ Իսկ մենք գիտենք, որ Դողու Փերինչեկը թուրք ամենահայտնի հակահայ գործիչն է»,-ասաց պարոն Իսպիրյանը։ Նա վստահ է, որ Եվրադատարանի այս որոշումը չի ազդի Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից կրկին շրջանառության մեջ դրվող Հայոց Ցեղասպանությունը մերժող օրինագծի ճակատագրի վրա։

Թուրքագետը գտնում է, որ հայկական կողմը պետք է լրջորեն բանակցի Շվեյցարիայի հետ։
Թուրքագետի հետ համամիտ է նաեւ Եվրոպայի հայ դատի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանը։ «Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի այս որոշումը վերջանական չէ, եւ երեք ամսվա ընթացքում Շվեյցարիայի ղեկավարությունն իրավունք ունի ավելի բարձր ատյան դիմելու և պահանջելու, որ վերաքննվի հարցը եւ նորից տեղի ունենա դատավարություն»,-ասաց պարոն Կարապետյանը։

Գասպար Կարապետյանի տվյալներով՝ եվրադատարանի երեկվա որոշումը անհանգստություն է առաջացրել Սփյուռքում։ Տարբեր երկրների հայ դատի հանձնախմբերը սկսել են ավելի ակտիվ աշխատել. «Հայ դատի հանձնախմբերը կպատրաստվեն այս որոշմանը հակազդել և թույլ չտալ ոտնահարել մեր իրավունքները»։