ՍԴՀԿ-ն գործում է ձախ դաշտում
Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի կազմակերպության ատենապետ Նարեկ Գալստյանը, ուղեկցությամբ ՍԴՀԿ Հայաստանի վարչության անդամներ Վազգեն Մեսրոպյանի, Հարություն Բալաբանյանի և արտակարգ և լիազոր դեսպանորդ Դմիտրի Մարտիրոսյանի, պաշտոնական հանդիպում ունեցավ ՀՀ-ում ՌԴ դեսպանության դեսպանորդ Անդրեյ Իվանովի և Հայաստանում <Ռոսսոտրուդնիչեստվո>-ի ներկայացուցչության ղեկավարի տեղակալ Իգոր Կուսովի հետ: Հանդիպման ընթացքում ՍԴՀԿ ատենապետը ներկայացրեց Հայաստանի արտաքին և ներքին քաղաքական հարցերում Հնչակյան կուսակցության դիրքորոշումները և առաջիկա անելիքները:
ՍԴՀԿ ատենապետը ընդգծեց, որ կուսակցությունը Հայաստանում գործում է ձախ դաշտում՝ հանուն սոցիալական արդարության և ընդդեմ առկա մենաշնորհների և օլիգոպոլիայի: Կողմերը հանդիպման ընթացքում փոխանակվեցին կարծիքներով Մաքսային Միությանը Հայաստանի անդամակցության հարցում, ինչպես նաև քննարկվեց իրավիճակը Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում՝ հատկապես Սիրիայում: Կողմերը համատեղ մտահոգություն հայտնեցին Սիրիայում խաղաղ բնակչության՝ հատկապես քրիստոնյաների հանդեպ շարունակվող հետապնդումների և ահաբեկումների վերաբերյալ: Կողմերը փոխադարձ շահագրգռություն ցուցաբերեցին Հայաստանում ապաստանած սիրիահայ մեր հայրենակիցների համար հատուկ ռուսաց լեզվի դասընթացներ կազմակերպելու հարցում:
ՍԴՀԿ մամլո դիւան