ՀՀԿ-ն կարգավիճա՞կ կտա ռուսաց լեզվին (տեսանյութ)
Ի՞նչ լեզվով խոսի Մանվել Բադեյանը ռուսների հետ, եթե ռուսները հայերեն չեն հասկանում. «Աշխատանքային լեզուն, իհարկե, պիտի լինի ռուսերենը, այլ կերպ ո՞նց կարելի է աշխատել»։
Պարոն Բադեյանի կարծիքով՝ նորմալ է, որ հայ պաշտոնյաները Հայաստանում ռուսերեն են հանդես գալիս ռուս պետական գործիչների հետ պաշտոնական հանդիպումների ժամանակ. «Զուտ պրագմատիկ խնդիր ա՝ ժամանակ էլ ա, չէ՞, կորում էդ թարգմանության վրա, ինֆորմացիայի շեղում էլ ա, չէ՞, լինում էդ թարգմանության վրա»։
Հանրապետական Համլետ Հարությունյանը համոզված է, որ ռուսերենը Հայաստանում պետք է առանձնահատուկ կարգավիճակ ունենա, ժամանակին այդպես էր. «Կային ռուսական դպրոցներ, կային գիտական ամբիոններ, որոնք զբաղվում էին հայ-ռուսական հարաբերություններով»։
Հիմա ինչի՞ նման է՝ բոլորը անգլերեն են սովորում։ Պարոն Հարությունյանը կարծում է, որ Մաքսային միություն մտնելն իրավիճակ կփոխի. «Մեր մասնագետները՝ պարտադիր պետական քաղաքական գործիչներ, սովորական մարդիկ, որոնք աշխատում են պետական համակարգում, պարտադիր պետք է տիրապետեն ռուսերեն լեզուն»։
Առաքել Մովսիսյանը գրեթե ռուսերեն է տալիս իր հարցազրույցը։ Ինքն իրեն համարում է ռուսական բանակի դպրոցի ներկայացուցիչ. «Դե էդ շկոլան ենք անցել մենք, էն ժամանակ ռուսական բանակ էր, պոեզով 7 սուտկա Ղազախստան եմ ծառայել ես»։
«Մենք միշտ էլ ռուսերեն ենք խոսել»,-ասում է հանրապետական պատգամավորը։ Նա պնդում է, որ մեր բառապաշարի 99 տոկոսը ռուսական է. «Ռուսական դպրոցներ թող շատ ըլնեն մեր երկրում, ի՞նչ վատ կլինի»։
«Ոչ մի կարգավիճակ ռուսաց լեզվին»՝ բանաստեղծ, դաշնակցական պատգամավոր Աղվան Վարդանյանի համոզմունքն է. «Լեզվից ավելի կարեւոր բան որեւէ ժողովուրդ չունի իր ինքնությունը հաստատելու, եւ երբեք չի կարելի գնալ այդ կարգի զիջումների»։
Աղվան Վարդանյանը չի բացառում, որ հանրապետականները կարող են իրավիճակային շահերից ելնելով՝ կարգավիճակ տալ ռուսաց լեզվին։ Հույս ունի, որ բանը դրան չի հասնի. «Ես ինքս էլ զգում եմ, որ օդի մեջ նման մի զգացողություն կա, որ էստեղ գուցե ռուսական կողմը կփորձի ամրապնդել իր դիրքերը եւ այլ տոներով կխոսի, բայց ես կարծում եմ, որ սա էն հարցն է՝ լեզվի հարցը, որ որեւէ ժողովուրդ կկարողանա պահել իր արժանապատվությունը»։