Եվրախորհրդարանը կատարեց Հայաստանի խնդրանքը
Եվրախորհրդարանը տվել է իր համաձայնությունը Հայաստանի Հանրապետության մասնակցությանը ԵՄ գերատեսչություններին եւ ծրագրերին՝ ընդունելով այդ մասին Եվրախորհրդարանի պատգամավոր Թոմաշ Պորեբայի զեկույցը, որը հանդիսանում է առաջին շոշափելի համագործակցության քայլը վերջերս Վիլնյուսի գագաթնաժողովում ընդունված ԵՄ-Հայաստան հռչակագրից հետո:
Մասնավորապես Հայաստանը հնարավորություն կունենա մասնակցելու ԵՄ համաշխարհային առաջատար ծրագրերին մշակույթի, կրթության, շրջակա միջավայրի եւ գիտության բնագավառներում: Հայաստանցի քաղծառայողները կինտեգրվեն ԵՄ այնպիսի գերատեսչություններ, ինչպիսիք են ավիացիոն անվտանգությանը, բժշկությանը եւ շրջակա միջավայրինը, ինչպես նաեւ բոլոր այլ մակարդակներում:
«Հայաստանին ԵՄ գերատեսչությունների եւ ծրագրերի մուտք շնորհելը, ինչն առայսօր վերապահված էր մեծամասամբ Եվրամիության անդամ երկրներին, շատ կոնկրետ քայլ է ճիշտ ուղղությամբ եւ Հայաստանին թույլ կտա երկրի արդիականացման համար կենսական նշանակություն ունեցող ֆինանսական եւ վարչական օգուտներ քաղել: Կարծում եմ՝ սա ավելի քան հուսադրող ազդանշան է երկու կողմերից՝ շարունակելու առաջ շարժվել կոնկրետ ժամկետներում՝ օգուտ ապահովելով բոլոր ներգրավվածների համար», - մեկնաբանում է Հայաստանի Եվրոպացի բարեկամներ կազմակերպության ղեկավար Մայքլ Քամբեքը:
Եվրախորհրդարանի զեկույցն ընդգծում է, որ Հայաստանի Հանրապետությունն է խնդրել մուտք դեպի ԵՄ ծրագրեր եւ գերատեսչություններ, եւ որ իր այս նախաձեռնությամբ Եվրամիությունը նպատակ ունի խթանել պետության արդիականացումը: