Հովիկ Աբրահամյանի ակնկալիքը Հնդկաստանից
Հնդկաստանի Հանրապետություն պաշտոնական այցի երկրորդ օրը՝ դեկտեմբերի 6-ի առավոտյան, տեր եւ տիկին Աբրահամյանները եւ ԱԺ նախագահի գլխավորած պաշտոնական պատվիրակության անդամները այցելեցին Ռաջգաթ, որտեղ ծաղկեպսակ դրեցին Մահաթմա Գանդիի հուշարձանին:
Այնուհետեւ ՀՀ ԱԺ պատվիրակությունը մեկնեց Հնդկաստանի Հանրապետության խորհրդարան, որտեղ ԱԺ պաշտոնական պատվիրակությունը հանդիպեց Ժողովրդական պալատի նախագահ Մեյրա Կումարի հետ :
Ըստ ԱԺ մամլո ծառայության՝ հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձան տարածաշրջանային խնդիրներին, ԼՂ հիմնահարցին, հայ-թուրքական հարաբերություններին:
Հովիկ Աբրահամյանը տեղեկացրեց, որ 2015թ. Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցն է, եւ նշեց, որ այդ առիթով ակնկալում է Հնդկաստանի խորհրդարանի գնահատականը: Ժողովրդական պալատի նախագահը նշեց, որ այդ հարցը շատ զգայուն հարց է, սակայն Հնդկաստանի խորհրդարանը միշտ իր վերաբերմունքն արտահայտում է մարդկության դեմ ոճրագործությունների նկատմամբ: Նա վստահեցրեց, որ քաղաքական խորհրդակցություններ եւ քննարկումներ կանցկացնի իր գործընկերների հետ` համոզմունք հայտնելով, որ Հնդկաստանի խորհրդարանը կարձագանքի:
ԱԺ նախագահը տիկին Կումարին պաշտոնական այցով հրավիրեց Հայաստան. հրավերը սիրով ընդունվեց:
Տեղեկացնենք, որ այսօր Նելսոն Մանդելայի մահվան կապակցությամբ Հնդկաստանում սուգ էր հայտարարված, եւ Հնդկաստանի խորհրդարանի երկու պալատների լիագումար նիստերը չկայացան: