ՄԻՊ-ը միանում է ժողովրդի բողոքին
«Կուտակային բաղադրիչը մեկ տարով հետաձգելը կուսակցական շահերից չէր բխում, ուրեմն կվարվենք այլ կերպ»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը` անդրադառնալով կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի հետաձգման հարցի մերժման մասին:
Հիշեցնենք, ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանի հեղինակած «Կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը գործադրելու հարցի վերաբերյալ» նախագծին դեմ քվեարկեցին ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ը։Խորհրդարանական մյուս 4 ուժերը կօգտագործեն ոչ խորհրդարանական ձևը, ժողովրդի միջոցով կդիմեն Սահմանադրական դատարան՝ ասում է Արամ Մանուկյանը. «Ժողովուրդը պատրաստ է իր բողոքն արտահայտելու, մենք իրենց կողքը կանգնած ենք, եթե սա էր ուզում Հանրապետական կուսակցությունը, մենք դեմ չենք: Դիմելու ենք Սահմանադրական դատարան, իսկ հաջորդ քայլերը դեռ չենք մշակել»։
Քիչ առաջ «Դեմ ենք» նախաձեռնությունն այս հարցով ՄԻՊ գրասենյակի մոտ էր, որտեղ ՄԻՊ ներկայացուցիչ Արամ Վարդեւանյանը բողոքի ակցիայի մասնակիցներին պատասխանել է, որ հետազոտել են հարցը, օրենքի մի շարք դրույթներում հայտնաբերել են հակասահմանադրականություն եւ պատրաստվում են դիմել ՍԴ, այսինքն՝ միանում են խորհրդարանական 4 ուժերին։
Ցուցարարներն այս պահին երթով գնում են դեպի Կառավարության շենք: