Գյումրեցիներին արգելել են պատուհանից նայել
Գյումրիում արգելել են թաղման թափորին ժամը 14.00-ից 15.00-ն ընկած ժամանակահատվածում անցնել այն փողոցներով, որով անցնելու է նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Այս մասին ահազանգ ստացել է ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը: «Ա1+»-ի հետ հեռախոսազրույցում նա նշեց, որ գերեզմանատունը գտնվում է Գյումրի - Երեւան ճանապարհին ու այնտեղ գնալու այլ ճանապարհ չկա:
Լեւոն Բարսեղյանը ասաց նաեւ, որ Գյումրիում, այսպես ասած, «նախազգուշական միջոցառումներ են կատարվում»: Այն բոլոր տեղերի հարակից շենքերում, որտեղ լինելու է ՌԴ նախագահը, զգուշացրել են բնակիչներին այդ ժամերին պատուհանից դուրս չնայել. «Երեւի, որ աչքով չտան Վլադիմիր Վլադիմիրովիչին»:
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահը հավելեց նաեւ, որ իր տեղեկություններով՝ Գյումրիում հանրահավաքներ ու ձերբակալություններ այսօր չեն եղել: