Բագրատյանն առաջարկում է կողմնացույց վերցնել
ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում կազմակերպված քննարկմանն այսօր ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը հարց ուղղեց հիմնական զեկուցող` ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանին, որ եթե Հայաստանը միանում է Մաքսային միությանը, ապա ավիատոմսերի արժեքը փոխվելո՞ւ է։
«Լուրջ կրակի հետ ենք խաղում. հիմա գնում ենք Եվրոպա՞, թե՞ Մաքսային միություն: Եթե դեռ ինքներդ համոզված չեք, թե ուր եք գնում, ուրեմն կողմնացույց վերցրեք: Այդպես չի կարելի, դուք ինձ հստակ պատասխաններ չեք տալիս»,- ասաց Հրանտ Բագրատյանը՝ չլսելով որեւէ հստակ պատասխան:
«Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ ունեցող եւ ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնցից ավելացված արժեքի հարկը մաքսային մարմինների կողմից չի հաշվարկվում եւ գանձվում» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը քննարկվելու է ԱԺ առաջիկա քառօրյայում։ Մինչ այդ, այսօրվա հանձնաժողովի նիստում Հրանտ Բագրատյանը դեմ արտահայտվեց նախագծին ու դրա քննարկմանը։