Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ի՞նչ է խոսել Քերրին Սարգսյանի ու Ալիեւի հետ

Քաղաքականություն
5637a3c54a5f8d07a7bbb1e0786ec745

«Ամերիկայի ձայն». ԱՄՆ արտգործնախարար Քերրին հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:


Այս մասին, ԱՄՆ արտգործնախարարության փոխանցմամբ, արտգործնախարար Քերրին տեղեկացրել է ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում պաշտոնական այցով գտնվող Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի հետ անցկացված մամուլի համատեղ ասուլիսի ժամանակ:

«Վերջին 48 ժամվա ընթացքում զրուցել եմ ինչպես նախագահ Ալիևի, այնպես էլ նախագահ Սարգսյանի հետ, որոնց միջև շուտով հանդիպում կկայանա: Մենք հորդորում ենք առաջ մղել այս գործընթացը, և շարունակելու ենք դրանում մեր ներգրավվածությունը», - ասել է ԱՄՆ-ի արտգործնախարար Քերրին՝ հավելելով, որ արդեն մի քանի ամիս Միացյալ Նահանգները Թուրքիայի հետ բանակցում է Կիպրոսի և Լեռնային Ղարաբաղի խնդիրների շուրջ, և երկու կողմերն աշխատում են իրենց դեսպանների միջոցով՝ այս գործընթացներն առաջ մղելու ուղղությամբ:

Թուրքիայի արտգործնախարար Դավութօղլուն, իր հերթին անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի խնդրին, նշել է, որ ԱՄՆ-ը և Թուրքիան Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ քննարկումներ են անցկացնում մի քանի մեխանիզմների՝ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի և երկկողմանի այլ քննարկումների միջոցով:

«Հուսով ենք, որ սառեցված այս հակամարտությունը շուտով կավարտվի, և Կովկասում խաղաղություն կհաստատվի, և որ դա խաղաղություն կհաստատի նաև Կովկասից դուրս գտնվող տարածաշրջանում: Այսպիսով, այսօր ես ուրախ եմ տեսնելու, որ Ջոնն ու ես, Թուրքիան և Միացյալ Նահանգներն այս խնդիրը դիտարկում են նույն անկյան տակ, և հուսով ենք, որ նախագահ Սարգսյանի և նախագահ Ալիևի միջև հանդիպումը հաջողությամբ կպսակվի», - ԱՄՆ արտգործնախարար Քերրիի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասել է Թուրքիայի արտգործնախարար Դավութօղլուն: