ՄՄ-ին կմիանա ողջ երկրագո՞ւնդը
Քաղաքական գործիչ Ազատ Արշակյանը վստահ է, որ մեզ ոչ թե հրավիրում են Մաքսային միություն, այլ ստիպում են մտնել, մեզ տանում են։
«Եթե գիտենք, որ Ռուսաստանը խորտակվող նավ է, մենք ինչու՞ ենք այդ նավով ճամփա ընկնում»։
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներքին մարտահրավերների մասին խոսելիս Ազատ Արշակյանը կարևորում է Հայաստանի համաշխարհային գլոբալիզացիայի մաս կազմելը, որում մեծ դեր պետք է ունենա Հայաստանի Հանրապետության և ՀՀ քաղաքացիների շահը։
ՀՀԿ-ական Լեռնիկ Ալեքսանյանը հակադարձելով Ազատ Արշակյանին ասաց, որ այսօր մեզ ոչ թե ստիպում են մտնել ՄՄ, այլ մենք ստիպված ենք։
«Ինչու՞ ենք ստիպված, որովհետեւ մենք ունենք անվտանգության խնդիր, առեւտրային խնդիր։ Այո, Եվրոպան լավն է, բայց մենք պատրաստ ենք հավասարը հավասարի պես առեւտուր անել, թեկուզ վաղը, իսկ Ռուսաստանի հետ փորձ ունենք»։
Նրա խոսքերով, Եվրոպան շատ խիստ չի նայում ՄՄ-ին միանալու ՀՀ իշխանությունների որոշմանը։
«Մենք ստիպված ենք և ոչ միայն մենք, երկրագունդը, մարդիկ, իրենց անկախությունը չասեմ, բայց տալիս են այդ միությանը։ Մենք մի ընտանիք ենք։ Քայլերը ճիշտ էին, մենք պարտավոր էինք և հեռանկարներ կային»։
Անդրադառնալով ներքին մարտահրավերներին՝ Լեռնիկ Ալեքսանյանը չհերքեց, որ երկրում առկա է կոռուպցիան, սակայն խորհուրդ տվեց տեսնել նաև լավը։
«Ես խիստ կասկածում եմ, որ ՀՀ-ն կանդամակցի ՄՄ-ին։ Հայաստանը պետք է կողմնորոշվի՝ դուրս գալով իր լինելիության սկզբունքից»,-ասաց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։
Ներքին մարտահրավերներից պատգամավորն առանձնացնում է արտագաղթը, որը ըստ նրա հետեւանք է.
«Պատճառը չորս գործոններն են. սոցիալական, տնտեսական, անվտանգության համակարգ և արդարադատության թերարժեւորված համակարգ։ Հանրությունը չի վստահում ներկա քաղաքական ուժին, կառավարությանը, որպեսզի համերաշխություն լինի, պետք է նոր կառավարություն ձեւավորվի»,-ասաց Արծվիկ Մինասյանը։
«Հայաստանի ղեկավարությունը իր իշխանությունը պահելու համար փորձում է Հայաստանը տանել դեպի դեռեւս իր կենսունակությունը չապացուցած, կոռումպացված երկրների շարքը»,- խոսելով Հայաստանի արտաքին մարտահրավերների մասին՝ նման կարծիք հայտնեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը. «Մաքսային միությունը վերպետական կազմավորում է լինելու»՝ համոզված է նա։