Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ո՞ր ուղղությունը կընտրի Ուկրաինան

Քաղաքականություն
527e367c1cfcc5ef55c8e47f6b012c68

ՀՀ-ից բացի, ՌԴ-ի համար շատ կարեւոր է Ուկրաինայի անդամակցումը Մաքսային միությանը: Ուկրաինան այս դեպքում երկընտրանքի առջեւ է` երկու դեպքում էլ նա ունի շահ: Ի վերջո, ո՞ր ուղղությունը կընտրի Ուկրաինան:

Ինչպես կվարվի Ուկրաինան` կստորագրի Ասոցացման պայմանագիրը, թե կորոշի անդամակցել ՄՄ-ին: Այս հարցերի քննարկումը հատկապես ակտիվացավ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի վերջին հանդիպումից հետո:
Ուկրաինան միշտ հստակ հայտարարել է ԵՄ իր անդամակցության մասին: ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւն իր կողմից զգուշացրել էր` ստորագրելով Ասոցացման պայմանագիրը, Ուկրաինան այլեւս հնարավորություն չի ունենա անդամակցելու ՄՄ-ին: Բացի այդ, Ուկրաինայի համար կավարտի ՌԴ գործընկերային հատուկ ռեժիմը: Սա մտահոգել է նաեւ ուկրաինացի արդյունաբերողներին, որոնք դիմել են Վիկտոր Յանուկովիչին մեկ տարով հետաձգելու Ասոցացման պայմանագրի ստորագրումը, այլապես իրենք տնտեսական լուրջ վնասներ կկրեն:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի համոզմամբ` ԽՍՀՄ փլուզումից հետո ամբողջ տարածքն իր ռեսուրսներով որպես շուկա մեկ շուկա էր, ու դրա փոփոխությունը բավականին երկար տարիներ կպահանջի. «Այստեղ ոչ թե ճնշումների խնդիր կա, այլ շուկաների խնդիր կա: Մեր տնտեսությունները` այսօրվա ԱՊՀ երկրների, իրենց չափորոշիչներով ու բնութագրերով, որքան էլ որ փորձենք ասել, որ եվրոպական շուկան կարող է մերը լինել, այդտեղ ԱՊՀ երկրներից որեւէ պետություն` որպես ակտիվ գործոն, չի կարող հանդիսանալ»:

ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը բազմիցս է ներկա գտնվել այս հարցի շուրջ միջազգային տարբեր քննարկումների եւ եկել մեկ եզրակացության` Ուկրաինան թե ՌԴ-ի, թե ԵՄ-ի հետ բանակցություններում միշտ ներկայացրել է կոնկրետ իր շահը. «Իրենք ունեն կոնկրետ տնտեսական շահ, դրա մասին իրենք խոսել են անընդմեջ, դա համատեղ ինքնաթիռաշինությունն է, դա Ուկրաինան շրջանցող գազի խողովակի խնդիրն է»:

Ինչ վերաբերում է Ուկրաինայի` ՄՄ հնարավոր անդամակցությանը, ապա՝ «Ենթադրյալ անդամակցությունը Ուկրաինայի կողմից արդեն իսկ պայմանավորվածությունների եւ կոնկրետ տնտեսական շահի պայմանավորվածությունների շրջանակներում են: Եթե իրենք կոնկրետ կկայացնեն վերջնական որոշում ՄՄ-ին միանալու, ուրեմն ես ենթադրում եմ, որ իրենք ստացել են պատասխաններ իրենց հուզող կոնկրետ տեսանելի հարցերի վերաբերյալ»,- ասում է Ուրիխանյանը:

Պարոն Ուրիխանյանի կարծիքով` մտնելով ՄՄ, Ուկրաինան կլինի շահեկան վիճակում: Ի դեպ, ԵՄ-ն իր հերթին դեռ հույս ունի, որ Ուկրաինան այնուամենայնիվ կընտրի իրեն: