«Իշխանափոխությունն այսօր իմաստ չունի»
Նախախորհրդարանը պատրաստվում է իշխանափոխության, սակայն ժամկետներ չունի։ Շարժումն առայժմ ինտելեկտուալների է հավաքագրում, որոնց անվանում է առաջամարտիկներ, կգա ժամանակը եւ նրանք ժողովրդին կհավաքեն ու կհեռացնեն Սերժ Սարգսյանին, ցանկալի է, առանց արյունահեղության։ Եվ՝ առանց հերթական ընտրությունների։
Նախախորհրդարանի ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանը հարցնում է. «Լավ, ասենք, այսօր Սերժ Սարգսյանը գնաց, տարան, ո՞վ է փոխարինելու։ Արնաքամ վիճակում ենք գտնվում, շատ ժամանակ չունենք, բնականաբար տարիներ չենք սպասելու եւ 2018-ի ընտրություններին որ ինչ-որ բան փոխվի, շատ ավելի շուտ ենք պատկերացնում դա»։
Պարոն Սեֆիլյանը չի բացառում, որ ժողովուրդը կարող է չլսել որեւէ մեկին ու ինքը գնա Սերժ Սարգսյանից ազատվելու։ Կարո Եղնուկյանը նույնպես կարծում է, որ Սերժ Սարգսյանին հեռացնելով՝ հարց չի լուծվի, նախ փոխարինող համակարգ է պետք. «Այսօր Սերժ Սարգսյանը չլինի, Պողոս Պողոսյանը գա նրա տեղը, կշարունակի անել նույն բանը, ինչ որ այսօր կատարվում է»։
Կարո Եղնուկյանն ուզում է, որ ժողովուրդը դառնա անհնազանդ, չկատարի անօրինական հրահանգներ։ Մինչդեռ բողոքելու փոխարեն մարդիկ գերադասում են փախչել Հայաստանից։ Անհրաժեշտ է հեղափոխություն. «Հեղափոխությունը արյունի հետ կապ չունի, հեղափոխությունը արագ էվոլյուցիան է»։
Դաշնակցական Արծվիկ Մինասյանը հեղափոխական տրամադրություններ չի տեսնում, ինչում համոզված են շատերը. «Ես տեսնում եմ որոշակի դժգոհություններ, բայց հեղափոխական տրամադրություն դեռ չկա»։
Պարոն Մինասյանն ասում է՝ օրուգիշեր, ոտաբոբիկ պետք է աշխատել հասարակության հետ, որպեսզի կարողանանք իշխանություններին հեռացնել իրենց աթոռներից։ Նրա տպավորությամբ այսօր ժողովրդի մեծամասնությունը ոչ մեկին չի վստահում, հենց դա է բարդացնում իշխանափոխությունը. «Չի վստահում՝ ահա այսպիսին է մեր ժողովրդի առանձնահատկությունը»։