«Ամեն տարի բյուջեից հափշտակվում է 2,5 մլրդ դոլար»
Մեկնարկել է Ազգային ժողովի արտահերթ նիստը. Ավելի վաղ որոշում էր կայացվել արտահերթ նիստում շարունակել 2014թ. պետական բյուջեի նախագծի քննարկումը:
Քիչ առաջ ՀԱԿ պատգամավոր Լեւոն Զուրաբյանն իր դիտարկումներն արեց Բյուջե 2014-ի վերաբերյալ, ապա մեջբերեց միջազգային «Գելափ Ինթերնեշնլ» կազմակերպության հետազոտությունները, ըստ որոնց՝ Հայաստանում կոռուպցիայի ընկալման ցուցանիշը 74 տոկոս է, հարեւան երկրներում՝ մինչեւ 62 տոկոս։ «Ռեգիոնի ամենակոռումպացված երկիրը Հայաստանն է»,- արձանագրեց Լեւոն Զուրաբյանը եւ ավելացրեց, որ մի շարք միջազգային կազմակերպությունների վերլուծությունների համաձայն՝ Հայաստանի զարգացման գլխավոր խոչընդոտը կոռուպցիան է։
Լեւոն Զուրաբյանը նաեւ եկամուտների ու ծախսերի վերլուծությունից վերցված տվյալներ հայտնեց, ըստ որոնց՝ յուրաքանչյուր տարի պետությունից հափշտակվում է ավելի քան 2,5 մլրդ դոլար՝ նույնքան, որքան երկրի պետական բյուջեն է։