Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ժառանգությունը» պատերա՞զմ է ուզում (տեսանյութ)

Քաղաքականություն
9c2e842233a6190e68950fedb0e45525

«Ժառանգության» այսօր արդեն մերժված օրինագիծը Արցախի անկախության ճանաչման մասին Ժիրայր Սեֆիլյանի սրտով չէ, ուրիշ բան, եթե ճանաչման հաջորդ օրը տեղի ունենա հանրաքվե միավորման մասին, Արցախում հենց վերամիավորում են ուզում. «Իսկ առհասարակ այս ռեժիմի օրոք որեւէ այսպիսի լուրջ առաջարկը ես անլուրջ եմ համարում»։

«Ժառանգության» օրինագիծը լրջորեն զայրացրել է Ղարաբաղի նախագահի մամուլի քարտուղարին, քանի՞ անգամ է պարոն Բաբայանը դիմել ժառանգականներին՝ «գործ չունեք»։
«Ես դեմ եմ ճանաչմանը, ես դեմ եմ նման մուտիլովկաների։ Հազար անգամ ասել ենք, որ չի կարելի նման բան անել»,- ասում է Դավիթ Բաբայանը:

«Ժառանգության» ներկայացուցիչները բազմիցս եղել են եվրոպական տարբեր ատյաններում: Դավիթ Բաբայանը ոչ մի անգամ չի լսել, որ նրանք Եվրոպայում խոսեն Ղարաբաղի անկախության ճանաչման մասին։ Րաֆֆի Հովհաննիսյանը շատ է եղել Ղարաբաղում, բայց ոչ մի անգամ չի լսել իշխանություններին։ «Ինչի՞ պիտի ես ասեմ, խի դա հասկանալի չի՞: Ես, ի՞նչ ա, ամեն անգամ պիտի զանգեմ, ասեմ` էս ինչ ես անու՞մ»,- ասում է ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղարը:

Դավիթ Բաբայանն ասում է, որ պաշտոնական Ղարաբաղը կողմ է անկախությանը, հենց դրա վրա էլ աշխատում են, բայց ոչ օրինագծի ճանապարհով. «Եթե Հայաստանը ճանաչում է այս պահի դրությամբ Ղարաբաղի անկախությունը, բանակցային գործընթացն ընդհանրապես տապալվում է: Պե՞տք է մեզ դա: Իսկ դա պատերազմ է: Էդ մարդիկ ի՞նչ են ուզում: Պատերա՞զմ են ուզում»:

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը կարծում է, որ Հայաստանը կարող է ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, երբ կլինի ուժեղ, չի վախենա պատերազմից, կունենա ուժեղ քաղաքացիական հասարակություն, տնտեսություն, դեմոկրատիա եւ ներգաղթ. «Այլ խնդիր է, որ Հայաստանը էսօր բավականին թույլ վիճակի մեջ է, թույլ տնտեսությամբ, թույլ սոցիալական վիճակով, անարդար համակարգով, մարդը օտարված է պետությունից, փախնում է սեփական երկրից»։

Այսպիսի պայմաններում Ղարաբաղի ճանաչումը վատ կլինի հենց Ղարաբաղի եւ Հայաստանի համար։ Ըստ քաղաքագետի, դա պետք է լինի ճանաչում, որն անհնար կդարձնի պատերազմը։ «Ժառանգության» նախագիծը Երվանդ Բոզոյանը չի ողջունում, սակայն Հանրապետականն, ըստ նրա, նախագծին այսօր դեմ է քվեարկել սեփական կաշվի մասին մտածելով. «Ինքը վախենում է պատասխանատվությունից, որովհետեւ եթե էդպիսի քայլ եղավ, ապա Ադրբեջանը լեգիտիմ հիմք կունենա, ինքը դուրս կգա բանակցային գործընթացից, կսկսվի ռազմական գործողություններ, եւ արդյունքում երկիրը կարող է տանուլ տա եւ բոլորը ասեն՝ էս դու ես պատասխանատու, հարգելի հանրապետական»։