Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՅԴ-ն կհամագործակցի բոլորի հետ

Քաղաքականություն
01b260dc89636e6c227fb133b1b52caa

ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը չի կիսում այն տեսակետը, թե ՀՀ արտաքին քաղաքականությունը ՀՅԴ-ն ուզում է իր ձեռքը վերցնել: Աղվան Վարդանյանն անդրադարձավ արտաքին քաղաքականությանը՝ պատասխանելով իրենց կուսակից Հրայր Կարապետյանին Սանկտ-Պետերբուրգում գլխավոր հյուպատոս նշանակելու մասին տեղեկությունների մասին լուրերին:

Պարոն Վարդանյանը նկատեց, որ այսօր պարոն Կարապետյանը ՀՅԴ-ում որեւէ պաշտոն չի ստանձնում եւ քաղաքական դաշտում ունի փորձառություն. «Մենք արտաքին քաղաքականության ոլորտում միշտ ասել ենք, որ նույնիսկ ՀՅԴ կասեցման տարիներին կենսական խնդիրները, որոնք առնչվում են մեր պետության անվտանգությանը, մենք համագործակցել ենք եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանության, եւ Ռոբերտ Քոչարյանի եւ այսօրվա իշխանությունների հետ»:

Նա վստահեցրեց, որ Հրայր Կարապետյանի նշանակման հետ կապված որեւէ հատուկ քննարկում չեն ունեցել. «Այդ խոսակցությունները վաղուց կային, երբ նա արդեն ԱԺ պատգամավոր չէր: Հարկ էլ չենք համարել քննարկել, քանի որ նա անհատ է ու նրան արվել է առաջարկ, նա գնում է իր աշխատանքը կատարելու: Մի մոռացեք նաեւ, որ այս ընթացքում Սանկտ-Պետերբուրգի գլխավոր հյուպատոսը ՀՅԴ-ական է եղել»:

Այն հարցին, թե արդյոք ՀՅԴ-ին այս դեպքում չե՞ն մեղադրի իշխանությունների հետ համագործակցության մեջ, պարոն Վարդանյանը նշեց. «Միշտ կլինեն մարդիկ, որոնք մեր քաղաքականությունը չեն ընդունի ու կպիտակավորեն, բայց մենք անում ենք այն, ինչ ճիշտ ենք համարում: Բնական է, որ մարդիկ ունեն տարբեր տեսակետներ, դա ողբերգություն չէ. այդ մարդիկ, որոնք այդ դիրքերից խոսում են, նրանք երբեք էլ ՀՅԴ կողքին չեն եղել ու չեն քվեարկել նրա օգտին, նորմալ է»:

Նա համոզված է, որ այս նախադեպերը չեն կարող ազդել ՀՅԴ վարկանիշի վրա. «Մենք միշտ ասել ենք, որ վարկանիշները որոշվում են ընտրություններով, որի մասին մենք միշտ մեր գնահատականը տվել ենք՝ այս բնույթի ընտրություններով իրական վարկանիշի մասին չենք կարող խոսել»: