«Իրավապահները պետք է կանխեին»
Նոյեմբերի 5-ին Ազատության հրապարակում իրավապահ մարմինները պետք է կանխարգելիչ գործողություններ իրականացնեին։ Համոզված է քաղաքագետ, «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը։
Այդ օրը պարոն Իսագուլյանը եղել է դեպքի վայրում։
«Չէր կարելի չտեսնել, որ բերվում են թղթերի մեջ փաթաթված պայթուցիկները, փայտերը բացահայտ էին բերում, կանեստրով բենզին էին բերում, եւ դա ոստիկանության աչքի առաջ էր տեղի ունենում, իրավապահ մարմինները պետք է կանխարգելիչ գործողություններ իրականացնեին, ոչ թե սպասեին, որ դեպքը տեղի ունենար եւ նոր անցնեին գործողությունների։ Եթե նախապես արձագանքեին, նման դեպք տեղի չէր ունենա»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց պարոն Իսագուլյանը։
Նրա խոսքերով՝ դեռ մեկ շաբաթ առաջ Շանթ Հարությունյանը բացահայտ ներկայացրել էր իր ծրագիրը, եւ ամեն ինչի պատճառը մեր ներքին խնդիրներն են։
«Շանթ Հարությունյանը խախտել է օրենքը, բայց նա մեղավոր չէ»,- հայտարարեց պարոն Իսագուլյանը:
Մյուս բանախոսը՝ նախկին քաղբանտարկյալ Ազատ Արշակյանը, համաձայն էր Գառնիկ Իսագուլյանի հնչեցրած բոլոր մտքերի հետ։ Նրա խոսքերով՝ Շանթ Հարությունյանը պարբերաբար հեղափոխության փորձեր է անում եւ իր արժանապատվությունից ցածր կհամարեր ինչ-որ մեկի ծրագրին միանալը։
«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահը կարծում է, որ եթե իշխանության կողմից հստակ քայլեր չկատարվեն, եւ իրավիճակը չփոխվի, ապա հեղափոխություն կլինի։ Իսկ Աղասի Արշակյանն էլ ուրախ նոտայով ասուլիսն ավարտեց ՝ նշելով, որ առաջիկայում մենք հաղթանակի ենք ականատես լինելու։